Ինչպե՞ս են համագործակցելու ԵՏՄ-ի ուղին բռնած Հայաստանը և ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանը. «Հայկական Ժամանակ»

«Հայաստանի համար միջազգային շուկաներ դուրս գալու հիմական միջանցք հանդիսացող Վրաստանը երեկ, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին Եվրոպական միության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բաղադրիչը,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով,- Հայաստանը, հիշեցնենք, ժամանակին հրաժարվեց ստորագրել այս նույն համաձայնագիրը՝ հայտարարելով, որ ցանկություն ունի միանալ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը: Այժմ հասարակության լայն շրջանակներում մտահոգություն է առաջանում, թե ԵՏՄ-ի ուղին բռնած Հայաստանը եւ ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանը ինչպե՞ս են համագործակցելու, քանի որ սա ենթադրում է տնտեսական նոր բաժանարար գիծ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ»:

Թերթի լրագրողը երեկ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել է, թե ՀՀ ԱԳՆ-ն մտավախություն չունի՞ արդյոք, որ այս զարգացումները կարող են սպառնալ հայ-վրացական հարաբերություններին, եւ ընդհանրապես, ՀՀ ԱԳՆ-ն վերլուծե՞լ է այս զարգացումը Վրաստանի հետ ՀՀ բազմաշերտ հարաբերությունների տեսանկյունից: Հարցերի պատասխանը Բալայանը հորդորել է գտնել «Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած վերջին այցելության ընթացքում արված հայտարարություններում»: Սարգսյանը Վրաստանում նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարության ժամանակ ասել է. «Վրաստանը, հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրին, հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում եւ հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս