Ինչու է հետաձգվում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին
Արդեն մի քանի անգամ հայտարարվում է, որ Հայաստանը, ուր որ է, կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, և հերթական անգամ այդ ժամկետը հետաձգվում է: Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն անգամ չգիտեն, թե ի վերջո Հայաստանը երբ կստորագրի այդ միությանն անդամակցելու անհրաժեշտ փաստաթղթերը: Ամեն անգամ այդ հետաձգման համար տարբեր պատճառաբանություններ են ներկայացվում:
Օրինակ՝ վերջերս ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը` փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ՝ ինչ-որ փոխհատուցումներ վճարելու հարցով: Սակայն հայ պաշտոնյաներն այս հայտարարությունը չափազանց անլուրջ են համարում և ասում են, որ Հայաստանը ոչ մի բանակցություն էլ չի սկսելու, և ոչ մի փոխհատուցման հարց էլ չկա: Իհարկե, նրանք դա անում են ոչ այնքան հրապարակավ, քանի որ Ռուսաստանի փոխվարչապետին հերքելն անշնորհակալ գործ է:
168.am-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև չբանակցված և չլուծված խնդիրներ, ըստ էության, գոյություն չունեն: Հետաձգման պատճառն առավելապես քաղաքական է:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:
Եվրասիական տնտեսական միությունում բոլոր վիճելի հարցերը լուծվում են նաև քվեարկությունների միջոցով: Բելառուսը և Ղազախստանը ներկա ձևաչափի պայմաններում շատ հաճախ կարողանում են համաձայնության գալ իրար հետ և Ռուսաստանին պարտադրել իրենց համար ընդունելի մոտցումներ: Եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, քանի որ Հայաստանը որևէ դեպքում չի կարող միանալ Բելառուսին և Ղազախստանին՝ ընդդեմ Ռուսաստանի: Ընդհակառակը` Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի մեկ ձայնն օգտագործել` իր համար անընդունելի որոշումների կայացումը վիժեցնելու համար: Հենց այդ պատճառով էլ Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությունը, իսկ թե որքան դա կարող է շարունակվել, ոչ ոք հստակ չի կարող ասել: