
Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալներին զայրացրել է ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» միությունը դատապարտել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ այն համարելով որպես ոչ օբյեկտիվ ու անհիմն: Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալներին միավորող կառույցի տարածած հայտարարությունում նշված է.
«Ալիևի բռի տոնը, ԵԽԽՎ-ի պատգամավորների հանդեպ նրա անհարգալից վերաբերմունքն ու սպառնալիքները, նրա պնդումները, որ երկրում չկան քաղբանտարկյալներ, իսկ ԵԽԽՎ-ի անդամները ստում են, հանդիսանում է այն բանի ցավալի հաստատումը, որ Ադրբեջանում իշխող վարչակարգը կամավոր մտադիր չէ ազատ արձակել քաղբանտարկյալներին ու պահպանել ժողովրդավարական նորմեր:
Ադրբեջանի իշխանությունները գործում են Ալիևի ելույթին համապատասխան. շարունակում են խախտել իրավունքներն ու հետապնդել իրենց ընդդիմախոսներին»:
Դրա հետ կապված՝ դաշինքն իշխող վարչակարգից պահանջել է վերջ դնել այդ ամենին, իսկ ԵԽԽՎ-ից պահանջել է ադեկվատ քայլեր ձեռնարկել պաշտոնական Բաքվի վրա ճնշումներ գործադրելու ուղղությամբ՝ երկրի քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով: