Սևակ Հովհաննիսյանը պնդում է՝ «Խորանի» ղեկավար Հրաչյա Խաչատրյանը երկու օրում իր հարցերը լուծել
«Մեզ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ամիս առաջ 22-ամյա Արտակ անունով երիտասարդ է ինքնասպանություն գործել Իսպանիայում: Ըստ ծնողների՝ դա ինքնասպանություն չէ, այլ՝ սպանություն: Ըստ ծնողների ասածի` դա կապված է նրա հետ, որ տվյալ աղանդի ղեկավարի հետ ինչ-որ հարաբերություններ է ունեցել: Իսպանիայի ոստիկանությունում գրվել է, որ ինքնասպանություն է եղել ուղղակի. թռել է բարձրահարկ շենքից: Խորանի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը արդեն Հայաստանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարությունում գրանցված «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցին Հայաստանում գործում է 2008 թվականից: Սևակ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Խորանի» ղեկավար Հրաչյա Խաչատրյանը մոտ մեկուկես տարի առաջ սպառնալիքներ է հնչեցրել իրեն. «Անձամբ ինձ զանգել՝ սպառնում էր: Մինչ այդ փորձում էր կաշառք առաջարկել, հետո, որ տեսավ՝ չի ստացվում, ասաց՝ երկու օրում հարցերդ կլուծեմ. ձայնագրությունները մաքրիր: Դրանից երկու օր չանցած հարձակում կատարվեց: Երբ դիմեցինք իրավապահ մարմիններին, միայն առաջարկեցին ամիսը 120 հազարով անվտանգության աշխատակից վարձակալել»:
Ս. Հովհաննիսյանը խոսեց մեկ այլ կրոնական կազմակերպության՝ «Արևաբուժությանը» հարելու հետևանքով գրանցված 3 մահերի մասին. «Մեկ տարի է Թուրքիայից Հայաստան է ներթափանցել Արևաբուժություն աղանդը: Այդ ժամանակ տեղեկություն ունեինք Փարաքարում գործող իրենց հավաքատեղի մասին: Պարտադիր պայման է թեյ խմելը: Բայց մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ նաև Զեյթունում ունեն իրենք իրենց որջը, կոպիտ ասած, որտեղ պարտադիր պայմաններից է օրական 3 լիտր թեյը, աղ և կաթ խմելը, որը մարդկանց մոտ առաջացնում է լուրջ հետևանքներ:
Կազմակերպության ղեկավարներ Աքսելը և Ծովինարը հայեր են: Պարբերաբար գնում են Թուրքիա, գալիս են: Ֆինանսավորում և գաղափարը եկել է Թուրքիայից»:
Ըստ նրա՝ այս տեսակ բուժման հետևանքով Հայաստանում մահացել է արդեն 3 հոգի, որոնցից մեկը՝ Ֆրանսիայում բուժվելու ընթացքում. «Իրենք չեն թողնում բժշկի այցելել: Պարտադիր պայմաններից է դա, որ բժշիկները ոչ մի բան չեն կարողանում անել, մենք ենք բուժելու: Նրանք խմում են, հետո արևին նայելով թուրքական ինչ-որ տերմիններ են ասում, նույնիսկ մահացածներից մեկի կինը ասաց, որ նա նույնպես փորձել է նույնը կրկնել՝ արևին նայում էի, ամպեր էի տեսնում»: