Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել քրդական հարցի կարգավորման «ճանապարհային քարտեզը»
Mk-turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը երեկ ներկայացրել է երկար սպասված օրինագիծը, որն առնչվում է քրդական հարցի կարգավորման ընթացիկ գործընթացի արագացմանը: Օրինագիծն իրավական հիմք կապահովի բանակցությունների համար, ինչպես նաև անձեռնմխելիություն կապահովի դրանց մասնակիցների համար:
Ակնկալվում է, որ 6 հոդվածից բաղկացած «Ահաբեկչության դադարեցման ու սոցիալական ինտեգրման ամրապնդման» անվանմամբ օրինագիծն կընդունվի հուլիսին: Խորհրդարանին օրինագիծը ներկայացնելուց կարճ ժամանակ առաջ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ օրինագիծը կդառնա յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»՝ կարգավորման գործընթացի համար.
«Այն իրավական հիմք է ներկայացնում գործընթացում ներառված պետական բոլոր հիմնարկների ու անձանց համար: Օրինագիծը հող կապահովի կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր կատարելու համար»:
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) վաղուց է ճնշում գործադրում կառավարության վրա՝ տասնամյակներ տևող խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններին իրավական հիմք ապահովելու համար: Այս օրինագիծը հանդիսանում է նախագահական ընտրություններից առաջ քրդական քաղաքական կուսակցություններին ուղղված ժեստ: