Գառնիկ Իսագուլյանը՝ Միկոյանի և Բաբաջանյանի արձանները տեղադրելու մասին. «Ես ամենևին դեմ չեմ, կանգնեցրե՛ք՝ ում արձանն ուզում եք»
Թեև Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ «Բարև, Երևան» խմբակցության որոշ անդամներ առաջարկեցին հանրային քննարկում կազմակերպել մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը տեղադրելու մասին որոշում կայացնելուց առաջ, սակայն ավագանին որոշում կայացեց, որ արձանը տեղադրվելու է Երևան քաղաքի մարշալ Բաբաջանյան փողոցի վրա:
168.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ հայոց պետականությունն անցնում է պատմական որոշակի փուլեր (Տիգրան Մեծի, Արշակունիների, Բագրատունիների, Խորհրդային Միության, անկախ պետականություն չունենալու, Կիլիկիո թագավորության ժամանակաշրջան), և ամեն ժամանակաշրջան ունենում է այն կերպարները, որոնք այդ ժամանակաշրջանի վրա ունենում են բավականին լուրջ ազդեցություն. «Բերիայի մասին պատմում էին բաներ՝ նրա ունեցած զնդանների, բերդերի, հատուկ պադվալների մասին, և այս վերջերս իր իրական տունը ցույց տվեցին, որի տակ նման բաներ գոյություն չունեին, պեղումներ արեցին, պարզվեց, որ այն, ինչի մասին խոսում են, իրականում չկա:
Նույնը՝ Միկոյանի դեպքում: Միկոյանը եղել է բավականին լուրջ դերակատարություն ունեցող անձնավորություն խորհրդային իշխանության համակարգում: Ես կամ որևէ մեկը չենք, որ պետք է գնահատենք նրա դերը, որովհետև այն փաստարկները, որոնք ասվում են, դրանք, ըստ էության, իրականության հետ որևէ կապ չունեն: Հիմա որոշել են այդ մարդու արձանը՝ որպես պատմության մեջ լուրջ դերակատարություն ունեցող մարդու արձան, դնեն: Կամ Բաբաջանյանինը՝ տանկային ստորաբաժանումների մեր ամենամեծ մարշալն է: Նրանք մեր ազգի մեջ այն մարդիկ են, որոնք բավականին լուրջ դերակատարում են ունեցել պատմության տարբեր էտապներում: Ի՞նչ խնդիր կա, որ այս մարդկանց արձանները տեղադրում են»:
Նա նշեց, որ ինքը շատ վատ է զգացել, որ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի վրա յուղաներկ են լցրել. «Մյասնիկյանը եկել էր Հայաստան՝ որպես Խորհրդային Միության ղեկավար, Հայաստանում ոչինչ չկար: Այն, ինչ արեց Մյասնիկյանը, այսօրվա որևէ քաղաքական գործիչ ու պետական այր չի արել: Այսինքն՝ արձան է, տեղադրում են, դու չես սիրում՝ չես գնա ծաղիկ դնես, ես սիրում եմ՝ կգնամ-կդնեմ: Այդ ի՞նչ մի քննարկման թեմա է: Ամբողջ Հայաստանը զբաղված է այդ խնդրի քննարկումով: Ես ամենևին դեմ չեմ: Կանգնեցրե՛ք՝ ում արձանն ուզում եք»: