Պաշտպանի խոսքով՝ քննիչը խուսափում է դատական նիստերից, որովհետև վախենում է, որ այստեղ կհնչեն իր համար տհաճ հարցեր
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչակն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ: Վաղը դատավորը կհրապարակի Արտակ Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Արտակ Ղուկասյանը, ինչպես նաև նրա հարազատները պնդել են, որ Ա. Ղուկասյանին առևանգել են, սակայն Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Նշենք, որ ՀՔԾ-ում քննված գործի շրջանակներում Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Այդ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
ՀՔԾ քննիչն այսօր ևս դատարան չէր ներկայացել: Նա դատարանին ուղղված գրությամբ հայտնել էր, որ Արտակ Ղուկասյանը վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան, ուստի Ա. Ղուկասյանի պաշտպանի բողոքի վերաբերյալ նյութերն իր կողմից չեն կարող դատարան ներկայացվել: Միևնույն ժամանակ քննիչը հայտնել էր, որ առարկում է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որշման դեմ փաստաբանի բողոքի դեմ՝ հայտնելով, որ այդ որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված: Քննիչը նշել է, որ պաշտպանի բողոքը ենթակա է մերժման: Քննչիչը խնդրել էր իր բացակայությունը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով համարել հարգելի և բողոքը քննարկել իր բացակայությամբ:
Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանն ասաց, որ քննիչը խուսափում է դատական նիստերից. «Որովհետև ինքը վախենում է, որ այստեղ կհնչեն իր համար տհաճ հարցեր, որոնց պատասխանները ինքը չունի»:
Փաստաբանն ասաց, որ տրվել է հայտարարություն առևանգման մասին, իսկ եթե այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա գործ ունենք սուտ մատնության հետ. «Քրեական գործի հարուցումը, կարելի է ասել, այս դեպքում անխուսափելի է»:
Միևնույն ժամանակ փաստաբանն ասաց, որ քննիչը կարող էր դիմել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան և ստանալ այն փաստաթղթերը, որոնք ցանկանում էր ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կապված իր բողոքի հետ: Պաշտպանը խնդրեց բավարարել իր բողոքը:
Դատական նիստի ավարտից հետո Արտակ Ղուկասյանի հարազատներն ասացին, որ եթե դատարանը չբավարարի պաշտպանի բողոքը, ապա քննիչի գործողությունների առնչությամբ պատրաստվում են դիմել Ազգային անվտանգության ծառայություն: