Նախիջևանում առանձին բանակի ստեղծումից հետո հայերը մի շարք պահակակետեր են տեղակայել. Զաքիր Հասանով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Նախիջևանում ժամանակակից սպառազինությամբ կոմպլեկտավորված Առանձին համազորային բանակի ստեղծումը վկայում է պետության ղեկավարության կողմից այդ տարածաշրջանի անվտանգության հանդեպ հատուկ ուշադրություն հատկացնելու մասին.

«Գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ է ծանոթացել Նախիջևանյան բանակի սպառազինության հետ, ինչից հետո զորքերի պատրաստվածությունը ստուգելու համար Նախիջևանում անցկացվել են մասշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցել է մոտ 20.000 զինծառայող, ավելի քան 400 միավոր տեխնիկա»:

Անդրադառնալով Նախիջևանում սահմանային վերջին դեպքերին՝ Հասանովը հայտարարել է. «Նախիջևանյան առանձին բանակի ստեղծումից հետո հայերն իրենց տարածքում տեղակայել են մի քանի պահակակետ, ինչից հետո տեղեկատվական պատերազմ են սկսել՝ հայտարարելով, թե գրավել են մեր տարածքը (իրականում ԶԼՄ-ները հաղորդել են հայկական զորքերի կողմից չեզոք բարձունքների գրավման մասին – 168.am)»:

Ապա Հասանովը հայտարարել է. «Որպես սահմանապահ զորքերում 10 տարի ծառայած մարդ՝ ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի հասկացություն, ինչպիսին է «չեզոք գոտին»: Որևէ հայ զինվոր չի անցել մեր տարածք»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Նախիջևանի սահմանին հայ զինվորների կողմից չեզոք բարձունքները գրավելուն անդրադարձել է թալիշական ծագում ունեցող (Ադրբեջանում ծնված) քաղաքագետ ու հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան՝ իր «Իլհամ Ալիևի նախիջևանյան ֆիասկոն» խորագրով հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս