«Անընդունելի եմ համարում նման մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը». Հովիկ Աբրահամյան
ԱԺ-ի առջև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու կրթության և գիտության նախարարի վրա կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստների կողմից մանրադրամների նետումը հարուցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դժգոհությունը:
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում Հ.Աբրահամյանը այդ ակցիան անվանեց «ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով» հասարակության վերաբերմունքի արտահայտություն: «Ես անընդունելի եմ համարում նման մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը:
Ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարկաության ցանկացած անդամ»,- հայտարարեց նա:Ըստ Հ.Աբրահամյանի, ինքը կողմ է և՛ խոսքի ազատությանը, և՛ սեփական կարծիքն արտահայտելու ազատութանը, և՛ մարդու ազատ տեղաշարժին, և՛ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, ու պաշտպանում է այդ իրավունքները:
Սակայն նա նաև շեշտեց, որ ազատությունն ավարտվում է այնտեղ, երբ այն սկսում է ոտնահարել այլոց իրավունքները:
«Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունը անարխիայի հենասյունն է»,- ասաց Հ. Աբրահամյանը՝ հավելելով, որ այդպիսի իրավիճակ չի հանդուրժելու: Վարչապետը արդարադատության նախարարին և ոստիկանաապետին հանձնարարեց խնդրի լուծման ուղիներ փնտրել: