Վրաստանը ՆԱՏՕ-ից սպասում է անդամակցություն. Փանջիկիձեն՝ Ռասմուսենին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երեկ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ և քննարկել է Վրաստանի հեռանկաները սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում:
Փանջիկիձեն Բրյուսելում է գտնվում աշխատանքային այցով և մասնակցում է ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը, որին մասնակցում են Աֆղանստանում ISAF-ի առաքելությանը մասնակցող երկրների արտգործնախարարները:
Փանջիկիձեն Ռասմուսենին հայտնել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ից սպասում է անդամակցություն. «Ես ընդգծեցի, որ մենք սպասում ենք մեր առաջընթացի համարժեք արտացոլում: Գլխավոր քարտուղարը լիովին համաձայն է այն դիրքորոշման հետ, որ Վրաստանը շատ բան է արել վերջին շրջանում»:
Ռասմուսենը Վրաստանին շնորհավորել է հունիսի 15-ին հաջողությամբ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ:
Մայիսի սկզբին Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեռ չի որոշել Ուելսի գագաթաժողովում Վրաստանին MAP (անդամակցության գործողությունների պլան) հատկացնելու հարցը: Վրաստանը 2015 թվականից միանալու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին: