
Լիբիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Լիբիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք խոստանում են վերջին ամիսներին քաղաքական քաոսի ու բռնությունների մեջ հայտնված երկրի համար դառնալ գլխավոր և ճակատագրական իրադարձություններից մեկը:
Լիբիացիները պետք է 1628 թեկնածուից ընտրեն 200 պատգամավորի, այդ թվում նաև 32 կնոջ: Լիբիայում քվեարկության իրավունք ունի մոտ 3.4 միլիոն մարդ, սակայն քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 1.5 միլիոն ընտրող: Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն արդեն հունիսի 27-ին, իսկ պաշտոնական արդյունքները՝ հուլիսի կեսին:
Երկրի ավելի քան 1600 ընտրատեղամասերը պետք է բացվեին տեղական ժամանակով ժամը 08.00-ին և փակվեին 12 ժամ անց՝ ժամը 20.00-ին: Լիբիայի ԿԸՀ-ը մտավախություն ունի, որ մի շարք շրջաններում շահագրգիռ ուժերը կարող են միտումնավոր տապալել խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ չցանկանալով երկրում ուժեղ կենտրոնացված կառավարության ստեղծում: