Բաժիններ՝

Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցին 25 տարի ժամկետով անհատույց տարածք կտրամադրվի

Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցին նոր տարածք կտրամադրվի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հասարակական կազմակերպությանը կտրամադրվի Վարդանանց 30 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 620.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք՝ 25 տարի ժամկետով:

Տարածքի շուկայական արժեքը 115 մլն 292 հազար դրամ է, բայց հատկացվելու է անհատույց օգտագործման իրավունքով: Այս նպատակով ՀՀ կառավարությունն առաջիկա՝ հունիսի 26-ի, նիստում համապատասխան որոշում կընդունի:

Տարածքը ներկայումս պատկանում է պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցին, որի հետ պայմանագիրը լուծվելու է:

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի նպատակն է սերմանել երեխաների և երիտասարդների մեջ ձգտում դեպի դասական անիմացիա, արթնացնել երեխաների մոտ սեր և հետաքրքրություն ազգային մուլտարվեստի նկատմամբ, ինչպես նաև ստեղծել հայկական անիմացիայի թանգարան, կինոթատրոն, մանկական անիմացիոն դպրոց և մուլտստուդիա: Եվ, հաշվի առնելով կազմակերպության ուղղվածությունը, Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքի տրամադրման հարցը քննարկելու առաջարկությամբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս