Եվրապատգամավորների հարցերը զայրացրել են Իլհամ Ալիևին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում: Ելույթն ավարտելուց հետո նա կես ժամ պատասխանել է հարցերի, որոնց մեծ մասը տհաճ է եղել նրա համար:

Եվրապատգամավորները նրան հարցեր են ուղղել տասնյակ քաղբանտարկյալների, ԵԽԽՎ-ի զեկուցողին երկիր մուտք գործել թույլ չտալու, ակտիվիստների կալանավորման ու ազատ հանրահավաքների խախտման, տասնյակ լրագրողների կալանավորման և խոսքի ազատության խախտումների մասին:

Ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում չկան լրագրողներ, որոնց կալանավորած լինեն արհեստավարժ գործունեության համար. «2003 թվականից մենք չունենք լրագրողներ, որոնց կալանավորել են զրպարտության համար, դուք սխալ տեղեկություն ունեք»:

Ադրբեջանում անցկացված նախագահական վերջին ընտրություններում կեղծիքների մասին հարցն ընդհանրապես հունից հանել է Ալիևին: Նա մատով սպառնացել է իրեն տվյալ հարցը տված բրիտանացի պատգամավորին, ինչպես նաև նրան մեղադրել է ստելու մեջ.

«Ձեր հարցում դուք ստեցիք երկու անգամ: Նախևառաջ բոլոր դիտորդները հաստատել են, որ ընտրություններն անցկացվել են ազնիվ ու ազատ: Իսկ ամենագլխավորն այն է, որ ընտրություններն արտացոլել են ժողովրդի կամքը, իսկ խախտումներ ու կեղծիքներ կան ձեր երկրում»:

Հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին հալածելու պատճառի մասին հարցին Ալիևը պատասխանել է, որ «նա ցանկացել է փախչել, երբ նրանից պահանջել են համապատասխան տեղեկատվություն, ինչից հետո նրա նկատմամբ կիրառվել են համապատասխան գործողություններ»:

Քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմադիրներին ճնշելու պատճառների մասին հարցին Ալիևը պատասխանել է, որ այդ հարցերը տվողները չեն տիրապետում պատմությանը. «Ադրբեջանում այդպիսի իրավիճակ էր 1992-1993 թվականներին:

Դրանից հետո առաջացավ կայունության ժամանակաշրջան, ինչը շարունակվում է ցայժմ: Ահա վերևում նստած այդ երիտասարդ անձինք (իր դեմ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքական վտարանդիների խումբը) չեն հիշում դա»:

Ադրբեջանական գործակալությունն ընդգծում է, որ Ալիևին հաջողվել է հեշտությամբ խափանել եվրապատգամավորների հարցերը: Նա ճիշտ է գտնվել՝ ասելով, որ նրանք վատ գիտեն հարցի պատմությունը: Նրանց հարցերը կրել են ընդհանուր բնույթ և ամրապնդված չեն եղել փաստերով, ինչն էլ Ալիևին հնարավորոթյուն է տվել հակափաստարկները ծառայեցնել իր օգտին:

Տեսանյութեր

Լրահոս