Բաժիններ՝

Երևանում տեղադրվելու է Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց օրակարգից հանել Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը՝ խորհուրդ տալով մինչ նման որոշում կայացնելը այդ հարցը դնել հանրային քննարկման:

«Որոշ ժամանակ առաջ մենք մի փոքր հապշտապ Միկոյանի արձանը տեղադրելու հետ կապված որոշում ընդունեցինք, որը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Հիմա եկել է ևս մեկ խնդրահարույց պահ, քանի որ Համազասպ Բաբաջանյանն էլ հայտնի է Հունգարիայում տեղի ունեցած իրադարձությունների ճնշման փաստով:

Ամբողջ հրամանատարությունն իրեն էր ենթարկվում և ինքն էր կազմակերպում: Կա տեղեկություն (համենայնդեպս ես լսել եմ), որ նույնիսկ մեր մյուս մարշալը՝ Բաղրամյանը, նրան նախատել է, որ նմանատիպ վտանգավոր խաղի մեջ է մտել: Խնդրահարույց կետերից մեկն էլ այն է, որ երևի թե ինչ-որ պատճառ կար, որ խորհրդային ժամանակահատվածում մեր բոլոր մարշալների արձանները կամ կիսանդրիները եղել են, բայց Համազասպ Բաբաջանյանինը չի եղել: Ուստի կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ մենք հետաձգեինք այս հարցի քննարկումը»:

Քվերակության դրվեց Ա. Մարտիրոսյանի՝ հարցը օրակարգից հանելու մասին առաջարկությունը, սակայն 4 կողմ, 50 դեմ ձայներով առաջարկը չընդունվեց:

Զեկուցող Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կողմից ներկայացված միջնորդությունը. «Հաշվի առնելով Բաբաջանյանի մեծ վաստակն ու գործունեությունը՝ առաջարկվում է տալ համաձայնություն Համազասպ Բաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Մարշալ Բաբաջանյան փողոցին հարող զբոսայգում տեղադրելու համար: Նախագծի փաթեթը ներկայացվել է գլխադասային հանձնաժողովին, կա հանձնաժողովի դրական եզրակացությունը, առկա է Ավան վարչական շրջանի դրական կարծիքը, կա նաև քաղաքապետարանի գեղարվեստի հանձնաժողովի դրական կարծիքը»:

Նա նշեց, որ հուշարձանի տեղադրման և պատրաստման ֆինանսական ծախսերը կատարելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Չնայած հարցի շուրջ տեղի ունեցած բանավեճին՝ հարցը դրվեց քվեարկության և անցավ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս