Իլհամ Ալիևը Ստրասբուրգում բարձրացրել է ԼՂ-ի հարցը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Իր ելույթում Ալիևը նշել է, որ Ադրբեջանն կարճ ժամանակում անցել է առաջընթացի մեծ ճանապարհ թե՛ տնտեսական բարեփոխումների, թե՛ քաղաքական վերափոխումների հարցերում.

«Ադրբեջանն ունի ժողովրդավարական Սահմանադրություն, երկրում ապահովված են քաղաքական ազատությունների գերակայությունը, ազատ հանրահավաքները, խոսքի ազատությունը: Երկրում գործում են ժողովրդավարական բազմաթիվ ինստիտուտներ, ՀԿ-ներ, կուսակցություններ, ազատ ԶԼՄ-ներ:

Ադրբեջանի կառավարությունն իրագործել է իր պարտավորությունների մեծ մասը: Ադրբեջանը  ԵԽ-ի խորհրդով վավերացրել է բոլոր կոնվենցիաներն ու միջազգային փաստաթղթերը: Ադրբեջանը հանդիսանում է ինչպես Եվրոպայի Խորհրդի, այնպես էլ Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ, և դա բացառիկ մոդել է»:

Ալիևի խոսքերով՝ երկրում «խիստ պայքար է մղվում» կոռուպցիաի դեմ: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ստատուս-քվոն անընդունելի է, և որ միջազգային հանրությունը ցայժմ չի կարողանում հասնել դրա փոփոխմանը, որ չեն կատարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵԽ-ի բանաձևերը:

Ալիևը Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ իր ավանդական մեղադրանքներն է ներկայացրել հայկական կողմին (տարածքների գրավում, փախստականներ, հուշարձանների ոչնչացում և այլն): Ալիևը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները նույնպես հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է: Ալիևն այդ հայտարարությունն ընկալել է յուրովի՝ նշելով, որ «դա նշանակում է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրաված տարածքներից»:

Տեսանյութեր

Լրահոս