Այսօր Ս. Նունե և Մանե կույսերի հիշատակության օրն է
Qahana.am կայքը հիշեցնում է, որ այսօր Նունե և Մանե անունը կրող կանանց ու աղջիկներին անվանակոչության տոնն է: Նունեն և Մանեն Հռիփսիմյանց այն կույսերից էին, ովքեր Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որն էլ հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»:
Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323թ.): Իսկ Նունե կույսը (վրացական աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում:
Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծու զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:
Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2030-06-25, 2029-06-05, 2028-06-20, 2027-06-01, 2026-06-09, 2025-06-24, 2024-06-04, 2023-06-13, 2022-06-21, 2021-06-08, 2020-06-16, 2019-06-25, 2018-06-05, 2017-06-20, 2016-05-01, 2015-06-09, 2014-06-24, 2013-06-04, 2012-06-12, 2011-06-28, 2010-06-08, 2009-06-16, 2008-05-27