Ուորլիքը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու հրավերը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող կողմերին կոչ է անում չդիմել այնպիսի հեռտորիկայի ու գործողությունների, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի լարվածությանը և վնասեն խաղաղության գործընթացը:

Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի ևս մեկ գագաթաժողով, որը կհանդիսանա նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կառուցողական երկխոսության շարունակությունը.

«Մենք հուսով ենք, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը: Մենք դեռ աշխատում ենք այդ հանդիպման ուղղությամբ»:

Ուորլիքի կարծիքով՝ «կառուցվածքային բանակցությունների» մասին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի կոչը նույնպես հնարավորություն է հանդիսանում կողմերի համար՝ խաղաղության գործընթացում առաջընթաց գրանցելու համար:

Ուորլիքն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. «Շփման գծում նմանատիպ դիվերսիաներն արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը հանդիսանում է մեր ընդհանուր նպատակը, և ինչը կարող է այդ տարածաշրջանի բնակչությանը բերել բարեկեցություն ու անվտանգություն»:

Տեսանյութեր

Լրահոս