
Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Իրաքյան Քրդստան: Այցի նպատակն Իրաքի իշխանություններին օգնելն է՝ կապված ազգային միասնության նոր կառավարության ձևավորման հետ, որում մեծ թվով ներկայացուցիչներ կունենա սուննի փոքրամասնությունը:
Ակնկալվում է, որ Քերին բանակցություններ է վարելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ: Որոշակի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է քուրդ առաջնորդներին կոչ անել՝ մասնակցելու համար երկրի քաղաքական գործընթացների կարգավորմանը:
Ջոն Քերին երեկ չհայտարարված այցով ժամանել էր Բաղդադ: Իսկ Մասուդ Բարզանին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ եկել է ժամանակը, որ քուրդ ժողովուրդն օգտագործի ստեղծված իրավիճակը՝ իր ապագան հստակեցնելու համար: Բարզանին Իրաքում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրել է երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի վրա: