
Նախիջևանում զինվորականների ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողների մեքենան վթարի է ենթարկվել: Միջադեպը գրանցվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության Շահբուզի շրջանում:
Զորամասերից մեկին պատկանող սանիտարական ավտոմեքենան բախվել է Hyundai մակնիշի ավտոմեքենայի հետ և շրջվել: Դրա հետևանքով սանիտարական մեքենայի ուղևոր, ենթասպա Վյուղար Ֆաիգօղլու Օրուջևը ստացած վնասվածքներից մահացել է հոսպիտալում, իսկ մեքենայի վարորդ Ռաշադ Ռուֆատովը թեթև վնասվածքներով հոսպիտալացվել է:
Վթարի ժամանակ թեթև վնասվածքներ է ստացել նաև Hyundai-ի ուղևորը: Վթարի հարցում մեղավոր է եղել հենց նրա վարորդը, ով խախտել է վազանցի կանոնները: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է տեղի ունեցածը: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:
Միևնույն ժամանակ հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է ներքին զորքերի լեյտենանտ Արիֆ Օրուջօղլու Յուսիֆովը, ով Mercedes մակնիշի ավատոմեքենայով մայիսի 16-ին վթարի էր ենթարկվել Շիրվան քաղաքում: