Պարոն Բալոյանը հո աճպարար չէ՞, որ նույն վայրից հայտնաբերի երկրորդ հայելին (տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան զննության է ենթարկվել 4 անգամ: Առաջին երկու անգամ զննության ենթարկելիս չեն հայտնաբերվել կողային հայելիները:
«Պաշտպանական կողմը, ուշադրություն դարձնելով այդ հանգամանքի վրա, միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ իմ մասնակցությամբ հետազոտելու «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Խնդիր էր նաև տեղադրված գազի բալոնը և կողային դիտարկման հայելիները: Նախաքննական մարմինը մերժել է միջնորդությունը՝ հայտնելով, որ երկու անգամ մանրակրկիտ զննել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենան և հայտնաբերվածն արդեն իսկ արձանագրվել է: Պաշտպանական կողմը ստացել է այդ որոշումը, որից հետո տևական ժամանակ՝ 1.5 ամիս անց կատարվում է կրկնակի զննություն՝ երրորդ անգամ: Երրորդ զննության ժամանակ հայտնաբերում են ավտոմեքենայի կողային հայելիներից մեկը:
Եվ ինձ այդ զննության ժամանակ ներկայացնում են, թե երկու անգամ զննել են, չէին նկատել հայելին, դուռը բացեցին ու տեսան կողային հայելիներից մեկը: Ես առարկություն եմ ներկայացնում, ասում՝ միևնույն է՝ «Նիվա» մակինիշի ավտոմեքենան տվյալ դեպքում կրկին շահագործման կանոնների խախտում ունի: Պաշտպանական կողմն ասում է, որ միևնույն է՝ Գյուղնախարարության համապատասպան պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն, քանի որ դա տվյալ ավտոմեքենայի շահագործման կանոնների կոպիտ խախտում է (եթե կպարազվի, որ տվյալ ավտոմեքենան հետըթաց է կատարել և հայելիների բացակայությունը հանդիսացել է պայման վթարի): Որոշ ժամանակ անց նախաքննական մարմնից նամակ եմ ստանում, որտեղ նշում են՝մի անգամ էլ եկեք, միասին զննենք: Ես քննիչին պատասխանում եմ՝ ժողովուրդ հո երեխա չե՞նք, դուք ուզո՞ւմ եք երկրորդ հայելին գցեք մեքենայի մեջ, ասեք՝ վայ, սա էլ երկրորդ»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ արդեն չորրորդ անգամ զննություն կատարելիս հայտնաբերվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետին տեսանելիության մյուս հայելին:
Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ իրականում քննիչի կողմից ավտոմեքենայի զննությունը մանրակրկիտ չի կատարվել, չորրորդ անգամ, երբ ինքը մասնակցելիս է եղել դատահետքաբանական փորձաքննությանը, հայտնաբերել է այդ հայելին:
Ն. Բաղդասարյանն էլ առարկեց, որ «պարոն Բալոյանը ցանկանում է փրկել քննիչի ապօրինությունը»:
Փաստաբանն ասաց, որ երկրորդ հայելին հայտնաբերվել է դեկտեմբերի 5-ին կատարված զննությամբ, սակայն քրեական գործում կան նոյեմբերի 27-ին կատարված զննության արձանագրությանը կցված լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ այն վայրում, որտեղ, ըստ Ռ,. Բալոյանի՝ հայտնաբերվել է հայելին, ընկած է միայն մեկ կողային հայելի, որը հենց նույն օրն առգրավվել է. «Չի կարող պատահել՝ նոյմեբերի 27-ին չլինի հայելին, իսկ դեկտեմբերի 5-ին հայտնաբերվի: Պարոն Բալոյանը հո աճպարար չէ՞, որ նույն վայրից հայտնաբերի երկրորդ հայելին»:
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: