
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունն իր անկախության ճանաչման խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) Գերագույն խորհուրդը դիմել է ՄԱԿ-ին՝ իր ինքնիշխանությունը ճանաչելու խնդրանքով: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ Վլադիմիր Մակովիչը:
Նրա խոսքերով՝ նման դիմումներ են ուղարկվել նաև Սերբիայի ու Հարավային Օսիայի խորհրդարաններին: Ավելի վաղ՝ մայիսի վերջին, իրենց անկախության ճանաչման խնդրանքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին էին դիմել ԴԺՀ-ի ներկայացուցիչները:
ԴԺՀ-ն իր անկախությունը հռչակել է 2014 թվականի ապրիլին, ինչից հետո իր անկախության մասին հայտարարեց նաև Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը: