Լուկաշենկոն կարևորել է Բելառուսի համար բարդ ժամանակներում Ադրբեջանի կողմից օգնություն ցուցաբերելը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Մինսկը գնահատում է Բելառուսի համար բարդ ժամանակներում Բաքվի ցուցաբերած օգնությունը: Այս մասին այսօր Մինսկում Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն.

«Ադրբեջանը մեզ համար մոտ երկրներից մեկն է, և մենք լավ և սերտ հարաբերություններ ենք ունեցել ինչպես նախկին նախագահի (Հեյդար Ալիև), այնպես էլ ունենք հատկապես ներկայիս նախագահի (նրա որդի Իլհամ Ալիև) հետ:

Դուք գիտեք, որ մենք շատ մեծ հաջողությամբ զարգացնում ենք համագործակցությունը բոլոր ոլորտներում: Չնայած որոշակի բարդություններին ու խնդիրներին՝ մեզ հաջողվեց մեր համագործակցությունում խուսափել փակ թեմաներից: Մենք բացարձակապես բաց ենք ձեզ համար»:

Ադրբեջանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Բելառուսը դիտարկում է որպես եղբայրական երկիր, որպես բարեկամ ժողովրդի: Ռասիզադեն խոստացել է, որ իրենք հետագայում նույնպես անելու են ամեն բան՝ Բելառուսի հետ բոլոր ուղղություններով հարաբերություններն ավելի բարձր աստիճանի հասցնելու համար:

Գործակալությունն ընդգծում է, որ Ռուսաստանի հետ «նավթային վերջին պատերազմի» ժամանակ պաշտոնական Մինսկը փորձարկել է Ադրբեջանում ադրբեջանական ու ռուսական նավթ գնելու պրակտիկան, ինչը բելառուսական նավթավերամշակման գործարաններ է հասցվել Ուկրաինայի միջոցով:

Ռուսաստանի հետ «գազային պատերազմների» ժամանակ Լուկաշենկոն դիմել է Ալիևի օգնությանը՝ կապված վարկային աջակցություն ցուցաբերելու հետ, որպեսզի Բելառուսը կարողանա վճարումներ անել «Գազպրոմին»:

Տեսանյութեր

Լրահոս