Վրացական դեղձն այս տարի կարտահանվի ռուսական շուկա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին վրացական դեղձը կարտահանվի ռուսական շուկա, իսկ տեղի գյուղացիները որևէ խնդիր չեն ունենա դրա իրացման հարցում:

Այս մասին Կախեթիի շրջանի նահանգապետ Իրակլի Շիոլաշվիլու հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Օտար Դանելիան. «Կարևոր է, որ այս տարի ռուսական շուկան բացվել է վրացական մրգի համար, և գյուղացիների մոտ այլևս խնդիր չի ծագի դրա իրացման հարցում»:

Հունիսի 20-ից Կախեթիում ակտիվ փուլ է թևակոխում դեղձի բերքահավաքը: Կանխատեսվում է, որ այս տարի այն կկազմի մինչև 50.000 տոննա: Ռուսաստանը վրացական արտադրանքի վրա բեռնարգելք էր դրել 2006 թվականից: 2013 թվականի մայիսին կողմերը պայմանավորվեցին վերսկսել առևտրային հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս