
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին ստուգում է Բաքվի օդանավակայանում վրացի պատգամավորների ձերբակալման մասին տեղեկատվությունը:
Փանջիկիձեն մանրամասնել է, որ խոսքը գնում է օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամներին ձերբակալելու մասին. «Մենք Բաքվում Վրաստանի դեսպանատանը հանձնարարել ենք ստուգել դա»:
Բացի այդ, Վրաստանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպանը, ով վրացական կողմին կիրազեկի վրացի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասների մասին: Ավելի վաղ դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հայտարարել էր, որ պատգամավորներ Իրմա Նադիրաշվիլին ու Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել են չհայտարարագրած արժույթ տեղափոխելու համար:
Որոշակի տվյալներով՝ վրացի պատգամավորները հունիսի 19-ին ժամը 21.00-ին վերադարձել են Թբիլիսի: