ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է Հայաստանին ու ԼՂՀ-ին ֆինանսապես աջակցելու պատրաստակամությունը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնաժողովը 25 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ երեկ ընդունել է 2015 ֆինանսական տարում օտար օգնության օրենսդրական փաթեթը՝ դրանով իսկ վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ամերիկյան բազմամյա օգնության ծրագրին:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Հանձնաժողովն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում տուժածներին ու հակամարտության հետ կապված ընթացիկ ծախսերի համար հատկացնել նախորդ տարիների չափ օգնություն: Հանձնաժողովը խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման կոչ է արել:

Հանձնաժողովը ոչինչ չի նշել, թե ԱՄՆ-ը որչափ օգնություն է պատրաստում երկրների մեծ մասի, այդ թվում նաև կովկասյան երկրների համար, որով և նա էականորեն մեծացրել է օգնության չափի մասին նախագահ Բարաք Օբամայի արած առաջարկի ընդունման հավանականությունը:

Դրա համաձայն, Հայաստանի դեպքում տնտեսական աջակցության համար կհատկացվի 20.7 միլիոն դոլար, արտաքին ռազմական ֆինանսավորմանը՝ 1.7 միլիոն դոլար, միջազգային ռազմական կրթության ու դասընթացների համար՝ 600.000 դոլար:

Նախագահի առաջարկը հավասարություն է պահպանում Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնելու հարցում: ԱՄՆ-ը Ադրբեջանի տնտեսական աջակցությանը կհատկացնի 9.6 միլիոն դոլար, իսկ Վրաստանի դեպքում՝ 38.2 միլիոն դոլար: Վրաստանի արտաքին ռազմական ֆինանսավորումը կազմելու է 10 միլիոն դոլար:

Հունիսի 24-ին էլ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը քննարկելու է արտաքին օգնության օրենսդրական փաթեթի իր տարբերակը: Հանձնաժողովների մակարդակում դրանց ընդունվելուց հետո այդ փաթեթները քննարկվելու են Սենատի ու Ներկայուցուցիչների պալատի լիագումար նիստերում:

Դրանից հետո պետք է գումարվի կոնֆերանս՝ հարթելու համար երկու տարբերակների միջև հակասությունները և միայն դրանից հետո միացյալ մշակված տարբերակը կուղարկվի նախագահի ստորագրմանը:

Տեսանյութեր

Լրահոս