Մոսկովյան դատարանը չի երկարաձգել Հրաչյա Հարությունյանի նախնական կալանքի ժամկետը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է մարդատար ավտոբուսի հետ բախման հետևանքով մի քանի մարդու մահվան պատճառ հանդիսանալու մեջ:
Մոսկվայի քաղաքային դատարանի ղեկավարությունը խախտումներ է հայտնաբերել 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Տվերի դատարանի կայացրած որոշման մեջ և նյութերը ուղարկել է կրկնակի դիտարկման: Դատարանի դեկտեմբերյան որոշումից հետո քանիցս երկարաձգվել է Հարությունյանին կալանքի տակ պահելու մասին որոշումը:
Հարությունյանի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարը Պոդոլսկի մոտ գրանցվել էր 2013 թվականի հուլիսի 13-ին: Դրա հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել է ավելի քան 60 մարդ:
Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարի վարորդ Հարությունայնը տևական ժամանակ չի իրականացրել տրանսպորտային միջոցի տեխսպասարկում: Բացի այդ, ՆԳՆ-ը պարզել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: