Հուլիսի սկզբին Իրանի ու «Վեցյակի» միջև կարող է անցկացվել բանակցային հավելյալ փուլ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններին մասնակցող չինական պատվիրակության ղեկավար, Չինաստանի ԱԳՆ-ի՝ սպառազինության վերահսկման գծով դեպարտամենտի տնօրեն Վան Ցունը չի բացառել, որ հաջորդ ամսվա սկզբին վերստին անցկացվի բանակցային հավելյալ փուլ.
«Դա դեռ հստակեցված չէ: Մենք քննարկում ենք այդ հարցը: Ներկայումս շարունակվում է ակտիվ աշխատանքը համաձայնագրի վրա և պատճառներ չկան հինգերորդ փուլը վաղաժամ ավարտելու համար»:
Դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ներկայումս դիտարկվում է Իրանի, ԵՄ-ի ու Ռուսաստանի նախապատրաստած պայմանավորվածության երեք նախագիծ:
Աղբյուրն ընդգծել է, որ արդեն կարելի է լավատեսորեն գնահատել բանակցային ընթացիկ փուլի արդյունքները, որը մեկնարկել է երկուշաթբի և կշարունակվի մինչև շաբաթվա վերջ: Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքը բարդ է, ինչը և սպասելի էր:
Իրանն ու «Վեցյակը» ձգտում են իրանական միջուկային ծրագրի խնդրի համապարփակ կարգավորմանը հասնել մինչև հուլիսի 20-ը: