Բաժիններ՝

Ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին դժվարությամբ է հաջողվել համոզել Մշակույթի նախարարությանը՝ Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքի հիման վրա ֆիլմ նկարահանել

Մեր հայրենակից Վահրամ Մխիթարյանը, ով այժմ բնակվում է Լեհաստանում, վերջերս իր դեբյուտային կարճամետրաժ-խաղարկային «Կաթնեղբայրը» ֆիլմով մասնակցել է Կրակովի 54-րդ կինոփառատոնին և արժանացել խրախուսական մրցանակի՝ ժյուրիի հատուկ հիշատակությանը: Իսկ վավերագրական «Հովվի երգը» ֆիլմը, որը նույնպես դեբյուտային է, 2014թ. լեհական լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկվել է Կրակովի կինոհիմնադրամի «Polish docs» ծրագրի շրջանակում կազմված ժողովածուի մեջ: Պրոդյուսերները ճանաչվել են լեհական կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի լավագույն պրոդյուսեր: Երկու ֆիլմերն էլ առաջին հայ-լեհական համատեղ արտադրությունն են, ինչը ռեժիսորի վաղեմի երազանքն էր և տարիների ջանքերից հետո վերջապես իրականություն է դարձել:

Ֆիլմերն ընտրվել են նաև ամռանը Լեհաստանի տարբեր քաղաքներում անցկացվելիք երկու հայտնի կինոփառատոների ազգային մրցութային ծրագրին մասնակցելու համար: Իսկ «Կաթնեղբայրը» ֆիլմի հայկական պրեմիերան կլինի այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ:

«Շատ ուրախ էի, որ, փաստորեն, Լեհաստանը ներկայացնում էր կիսով չափ լեհական-կիսով չափ հայկական մի ֆիլմի նախագիծ՝ հայկական բովանդակությամբ, Վանո Սիրադեղյանի պատմվածքի հիման վրա: Նախատեսել էինք, որ ֆիլմը պետք է նկարահանվի Հայաստանում, հայերենով: Ներկայացրինք սցենարը և 3 տեսարանից բաղկացած հատված (trailer), որը նկարահանել էի 2010թ.` Վայդայի դպրոցում սովորելիս»,- 168.am-ի հետ զրույցում ասում է նա:

Սակայն հետագայում նա դժվարություններ է ունեցել Հայաստանում, քանի որ ընտրել էր Վանո Սիրադեղյանի պատմվածքը:

Կարդացեք նաև

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ հարաբերությունները հենց սկզբից շատ բարդ էին: Ինչո՞ւ է Վանո Սիրադեղյանի պատմվածքն ընտրվել, ի՞նչ քաղաքական բան կա… Ասում էին՝ Վանոն չկա մեր ցուցակում, հարցնում եմ՝ իսկ ինչ է՝ կա՞ արգելված գրողների ցուցակ, ասում են՝ ոչ, չկա: 2 տարի տևեց, մինչև համոզեցի, որ ես «ազգի դավաճան» չեմ, որ մի քանի տարի Արևմուտքում ապրելով` չեմ դադարել հայ լինել:

Սկզբունքային տարաձայնություններ ուներինք. ասում էին` սա վատ է, նա վատ է, առանց կառուցողական առաջարկի, իսկ ես պահանջում էի, որ հիմնավորեն, եթե գրաքննում են: Անձնական որևէ խնդիր չկար, բայց ինչ-որ լարվածություն կար:

Չհասկացա՝ ինչ համակարգով գնահատեցին նախագիծը և սկզբում մերժեցին: Սցենարը գնահատում են երկու փորձագետ, որ ենթարկվում են ազգային կինոկենտրոնի ղեկավարին և որոշում են՝ արդյոք գործը համապատասխանո՞ւմ է «ազգային գաղափարախոսությանը», արժե՞ իրագործել, թե՞ ոչ: Խիստ կասկածում եմ, որ գնահատման նման համակարգն օբյեկտիվ է, և այդ մասին ասել եմ նաև Կինոկենտրոնի մասնագետներին: Չկա անկախ հանձնաժողով: Վերջում ասացին՝ լավ, ուղարկենք՝ Դավիթ Մուրադյանը կարդա, տեսնենք՝ ինչ կասի:

Անհրաժեշտ էր գումարի մեկ երրորդից էլ քիչ, ու ես բերում էի պատրաստի նախագիծ, ֆիլմ, որն արդեն որոշակի հաջողություններ ու պոտենցիալ ուներ: Եթե լեհական կողմի ֆինանսավորումը չլիներ, ես հույս չունեի, որ ֆիլմի համար Հայաստանում առհասարակ գումար կտային: Ասում եմ՝ լեհերը գումար են տվել, որը պիտի ծախսվի Հայաստանում, շահավետ է մեր երկրի տնտեսության համար:

Մշակույթի նախարարությունից պատասխանում են՝ շատ ուրախ ենք, որ մեր հայրենակիցը դրսում հաջողություն ունի: Եվ այդպես՝ ձևական նամակների շարք: Ասում են՝ դիմեք Կինոկենտրոն, իսկ վերջինս իր որոշակի դիրքորոշումն ունի՝ «շառից-փորձանքից հեռու»: Կինոկենտրոնի այդ տարվա ֆիլմերը պիտի լինեին մանկական՝ դաստիարակչական կամ կատակերգական: Ես ստիպված էի գրել, որ իմ ֆիլմը մանկական է, որպեսզի հարմարեցնեի այդ տարվա ուղղվածությանը: Բանակցությունները երկար տևեցին, բայց շատ ուրախ եմ, որ ի վերջո համաձայնության եկանք:

Մի կարևոր հանգամանք ևս օգնեց. Լեհաստանի արտգործնախարարության կայքում աչքովս ընկավ, որ Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջև ստորագրվել է միջպետական մի պայմանագիր՝ մշակույթի, կրթության և գիտության ասպարեզում գործակցության մասին: Ավելին՝ կար մշակված գործնական ծրագիր՝ մանրամասն կետերով:

Առաջին կետերից մեկում նշված էր՝ կինոարտադրությունը, և, թե ինչ են պարտավորվում անել կողմերը: Նամակին կից Մշակույթի նախարարություն էի ուղարկել նաև այդ փաստաթուղթը՝ հարցնելով, թե արդյոք կինոյի բնագավառում որևէ գործակցություն կա՞: Նշել էի, որ լեհերը տալիս են գումարի մեծ մասը, արդյոք կարո՞ղ են օժանդակել ինչ-որ բանով, եթե կառավարությունը ստորագրել է նման պայմանագիր, թե՞ սա ձևական բնույթ է կրում: Ի վերջո, տվեցին պետական ֆինանսավորմամբ նախատեսված գումարը, որն այդքան դժվար հասանելի է:

Ի դեպ, Լեհաստանում կինոյի ֆինանսավորումը որոշակի ստեղծագործական անկախություն ունի իշխանությունից և պետական ապարատից: Կինոյի մասին օրենքում հոդված կա, որով կինթատրոններն իրենց տոմսերի վաճառքի, հեռուստաընկերություններն իրենց եկամտի 1,5 տոկոսը տալիս են կինոյի ֆոնդին՝ Լեհական կինո ինստիտուտին: Այսինքն՝ ընդհանուր շահի խնդիր է: Բոլորը շահագրգռված են, որ իրենց երկրում լինի մրցունակ կինո: Իսկ Հայաստանում կինոն ծանրաբեռնում է պետությանը, իսկ պետական չինովնիկն էլ իր հերթին` ինձ` ռեժիսորիս»,- ասում է ռեժիսորը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս