Բողոքի ալիք ԱԺ-ում. ընդդիմությունը ցանկանում է հանդիպել Գալուստ Սահակյանին

Կառավարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան՝ հատուկ ընթացակարգով: Սակայն հենց նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավորները բողոքի ալիք բարձրացրին:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագիծ մշակող մարմինը 15 օր առաջ նախապես այն պետք է ներկայացնի հանային քննարկման, մինչդեռ ոչ միայն այդ ժամկետը չի պահպանվել, այլ այն անգամ չի հրապարակվել:

Մինասյանը պահանջեց հանել օրակարգից այն հարցերը, որոնք չեն բավարարում պահանջներին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե սա ոտնձգություն է ԱԺ-ի նկատմամբ և փորձ՝ ԱԺ-ն վերածել օրենքների «շտամպովկայի» մարմնի: Նա խնդրեց միջոցներ ձեռնարկել, այլապես քառյակը նախաձեռնությամբ հանդես կգա սահմանափակելու նման օրենքների քննարկումը:

«Կանոնակարգ- օրենքը մեկնություններ ունի արտահերթի համար: Ամբողջ նստաշրջանը անցել է լարված՝ քաղաքական առումով և օրենսդրական աշխատանքը ետ է մնացել»,- հակադարձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց ՝ ակախ նրանից՝ նստաշրջանն արտահերթ է, թե հերթական, օրենքը, նախ պետք է ներկայացվի պահանջներին համապատասխան.

«Հիմա դուք դրել եք օրակարգում օրինագծեր, որ հանրային լայն հնչեղություն ունեն, բայց նոր են դրվում մեր սեղանին և պատգամավորներին չէին բաժանվել:

Մենք տարիներ շարունակ բողոքել ենք այս աշխատելաոճի դեմ»: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իրենք դժգոհում են ոչ թե արտահերթ նիստից, այլ այն հանգամանքից, որ օրինագծերի մեծ մասը չի ներկայացվել համապատասխան հանձնաժողովներին: «Կամա, ակամա ԱԺ-ն դարձնում են դակող մարմին»:

«Հիմա քննարկելու ենք, չենք քվեարկելու»,- նկատեց Գ. Սահակյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ կարող էին շուտ ուղարկել օրինագծերը, իսկ այս կերպ «անորակ, բռակ» օրենքներ են քվեարկելու.

«Լավ օրենք ընդունելու համար առնվազն պետք է կարդալ»: «Այնպես չի, որ նոր հայտնագործություն արեցիք»,- հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ ներկայացված բոլոր օրինագծերի մեծ մասին ծանոթ են, դրանք նախընտրական ծրագրերի մասն են կազմում:

Լ.Զուրաբյանը պահանջեց 20 րոպե ընդմիջում՝ ԱԺ նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելու համար:

Տեսանյութեր

Լրահոս