Կան տեղեր, որտեղ քեֆեր կամ «փարթիներ» չի կարելի անել ոչ 700 000, ոչ էլ 7 միլիոն դրամի դիմաց. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին` «այ ախպեր, մարդիկ սոված են` ի՞նչ մշակույթ»:

Դա գալիս է այդ բառի չափից դուրս նեղ իմաստավորումից: Իբր դա ինչ-որ «հոգեւոր սնունդ» է, որը պետք է հակադրվի նյութականին: Մշակույթ է ցանկացած ավանդույթ, մտքի ցանկացած ուղղվածություն, որը տարիներով, տասնամյակներով, դարերով մշակվում է եւ դառնում մտածելակերպի անբաժանելի մաս:

Այդ առումով ակնհայտ է, որ վերջին 23 տարում մեր պետական, քաղաքական եւ արտադրական մշակույթը արագ եւ էական արդիականացման կարիք ուներ եւ ունի, ինչը մենք, տարբեր պատճառներով, չենք կարողացել անել:

Մշակույթի զարգացման մեխանիզմը պահպանման եւ արդիականացման ճշգրիտ համատեղման մեջ է: Անկախ պետություն դառնալով՝ մենք չենք կարողացել զարգացնել նաեւ պահպանման մշակույթը: Ճիշտ հակառակը` տուրք ենք տվել տգետ բարբարոսությանը: Ես վստահ չեմ, որ մշակույթի նախարարության գլխավոր առաքելությունն է ՊՈԱԿ-ներ ստեղծելն ու դրանց միջոցով փող աշխատելը:

Պետական բիզնեսը տվյալ դեպքում ընկալվում է որպես հակամշակութային գործունեություն: Սկզբում նման ոտնձգություն կատարվեց Գառնու տաճարի նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, առայժմ կանխվել է, եւ տաճարի կողքին ուտել-խմելու տեղ չի կառուցվել: Հիմա նույնը կատարվում է Զվարթնոցի տաճարի հետ:

Այդ նախարարության պատասխանատուներին եւ նրա ՊՈԱԿ-ներին, հավանաբար, ոչ ոք չի բացատրել, որ հավատքի, առավել եւս` քրիստոնեական տաճարը (թեկուզ՝ նախկին) խրախճանքի վայր չէ, որ կան տեղեր, որտեղ քեֆեր կամ, եթե ուզում եք` «փարթիներ» չի կարելի անել ոչ մի գումարի` ոչ 700 000, ոչ էլ 7 միլիոն դրամի դիմաց»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս