Անդրանիկ Քոչարյան. «Պետք է շուտափույթ լուծվի բուն ընդդիմության հարցը»

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– Պարոն Քոչարյան, 2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին: Հայաստանը, սակայն, մինչ օրս չի անդամակցել այդ միությանը: Հիմա հայտարարվում է, որ Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, և այդ անդամակցության ժամկետները ևս անընդհատ տեղափոխվում են, և հստակ չէ, թե դա ե՞րբ տեղի կունենա: Ինչո՞վ կբացատրեք նման անորոշությունը և այն, որ Հայաստանի իշխանություններն անգամ հստակ չգիտեն, թե ե՞րբ տեղի կունենա այդ անդամակցությունը:

– Տեղի ունեցողը Հայաստանի ինքնիշխանության և անկախության կորստի հետևանք է, և դա հնարավոր է կանխել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կամ Հայաստանում գործող որոշ պատվախնդիր քաղաքական ուժեր փորձ կանեն կանխել ինքնիշխանության կորստի գործընթացը և կկարողանան վերականգնել Հայաստանի անկախությունը: Երբ որ Հայաստանը կունենա բավարար ինքնիշխանություն, ապա այդ ժամանակ Հայաստանն ինքը կորոշի` թե ո՞ր երկրների միավորման մեջ է տեսնում իր ապագան և ի՞նչ հիմնավորումներով:

– Տեսակետ կա, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը Ռուսաստանի կողմից օգտագործվում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու և Ադրբեջանին դեպի ԵՏՄ կողմնորոշելու համար, ու քանի դեռ Ռուսաստանը չի կողմնորոշվել Ադրբեջանի հարցում՝ Հայաստանի հարցը մնալու է առկախված: Որքանո՞վ է այս ենթադրությունը մոտ իրական լինելուն:

– Մեր չորս կողմն ինչ-որ գործընթացներ են զարգանում` Ուկրաինայից սկսած, վերջացրած՝ Իրաքով, բայց այդ պրոցեսներին մենք հանդես չենք գալիս սեփական տեսակետով, սեփական շահերով: Ինչպես ասացի` Հայաստանն օգտագործվում է մի պետության կողմից, որն ինքն էլ չգիտի, թե ի՞նչ է ուզում, կամ ինչպիսի՞ դերակատարում է տեսնում իր համար զարգացող աշխարհաքաղաքական պրոցեսներում: Խոսքը Ռուսաստանի մասին է, որին աշխարհն այսօր բավականին լուրջ ռազմական ագրեսիայի վտանգի աղբյուր է դիտարկում, և այդ պայմաններում Հայաստանը դառնալով Ռուսաստանի ձեռքին գործիք, ինքն էլ հայտնվել է բավական լուրջ վտանգների մեջ:

Այնպես որ, մեր առաջնահերթ խնդիրն ինքնիշխանության վերականգնումն է, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվել, թե որտե՞ղ է մեր պետության շահը, և որտե՞ղ պետք է խուսափել հնարավոր կորուստներից:

– Դուք ասում եք, որ Հայաստանի հիմնական խնդիրն ինքնիշխանության վերականգնումն է, մինչդեռ Հայաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները փորձում են համագործակցել կառավարության հետ` հանրային տրանսպորտի սակագնի բարձրացում թույլ չտալու, կամ ճանապարհային երթևեկության կանոնների համար գանձվող տուգանքների չափը նվազագույն աշխատավարձին համապատասխանեցնելու համար: Չե՞ք կարծում, որ ընդդիմությունն այնքան էլ ադեկվատ չի արձագանքում ստեղծված իրավիճակին:

– Այն ընդդիմությունը, որը կար մինչև 2011թ. նոյեմբերը, այսինքն՝ մինչև հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, այլևս գոյություն չունի: Այն ժամանակ կար իշխանություն, և կար ընդդիմություն, որը պայքարում էր Հայաստանում իրական համակարգային փոփոխություններ անցկացնելու համար: Ես ցավով եմ ասում, որ նախկին ընդդիմության փոխարեն այսօր մենք ունենք ոչ իշխանական ուժեր, որոնց մի մասն իրենց չեն հայտարարում ընդդիմություն, մի մասը խուսափում է խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, և դրա արդյունքում ձևափոխվել են նաև այն պահանջները, որոնք իր առաջ դրել է այդ ուժերի միավորումը:

Պատահական չէ, որ այդ ոչ իշխանական ուժերի լիդերներից մեկը խոսում է Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի մասին, բայց լուծումները, որ առաջարկում են այդ ուժերը՝ համարժեք չեն, այսինքն՝ ի վիճակի չեն կասեցնելու այդ կործանումը: Որովհետև, եթե քաղաքական ուժը կամ գործիչն իրավիճակը գնահատում է կործանարար, ապա պետք է դրվի խնդիր այդ կործանումը կանխելու համար:

Նայեք քառյակի կազմած 12 կետանոց հայտարարությունը և դրանք համեմատեք երկրի առջև կանգնած խնդիրների հետ և կտեսնեք, որ ոչ իշխանական ուժերի նպատակն ամենևին էլ այդ կործանումը կանխելը չէ: Դրա պատճառն այն է, որ քառյակը խնդիր է դրել կազմել մի փաստաթուղթ, որը կբավարարի քառյակի բոլոր անդամներին:

Արդյունքում` ստեղծվել է մի փաստաթուղթ, որի իրականացումը ոչ թե երկրի առջև կանգնած ամենափոքր խնդիրներն անգամ չի կարող լուծել, այլ ստիպում է մտածել, որ պետք է շուտափույթ լուծվի բուն ընդդիմության հարցը:

– Ընդդիմությունն ասում է, որ պետք է փոքր քայլերով հասնել մեծ հաջողության, պետք է փորձել իշխանությանը համոզել, որ նրանք փոքր, բայց դրական քայլեր կատարեն: Երբ այդ քայլերն իրենց արդյունքը կտան, կարելի է ավելի մեծ պահանջներ դնել և ավելի մեծ խնդիրներ լուծել: Այսինքն՝ ընդդիմությունը փորձում է իշխանությանն ավելի լավը դարձնել: Մի՞թե դա հնարավոր չէ:

– Եթե ընդդիմությունը չի ներկայացնում քաղաքական պահանջներ, այլ ընդամենը տնտեսական բնույթի պահանջներ է առաջադրում, ապա բնական է, որ իշխանությունները կարող են և դրանց մի մասը լուծել: Բայց դրանով իշխանությունը չի դառնում ավելի լավը, և առավել ևս դրանով մեր երկրի հիմնական հարցը չի լուծվի. չի լուծվում` ինքնիշխանության վերականգնման հարցը: Հայաստանին այսօր պետք է հենց այդպիսի ընդդիմություն, որը կդնի այդպիսի խնդիրներ, և ոչ թե անկախության կորստից ածանցված խնդիրներ:

Ընդդիմության մեկնակետը պետք է լինի հետևյալը. իշխանությունն արդեն ինքնադրսևորվել է, այն չի կարող փոխվել դեպի լավը: Ընդդիմությունը պետք է ոչ թե իշխանությանն ավելի լավը դարձնի, այլ պետք է ավելի լավ իշխանություն ձևավորի:

Իսկ դրա համար առաջին կետը պետք է լիներ այն, թե ինչպես հասնել արտահերթ ընտրությունների, որպեսզի հասարակությանը տրվի ընտրության հնարավորություն, որպեսզի հասարակությունը ձևավորի երկրի առջև կանգնած խնդիրները լուծելու ունակ իշխանություն: Եթե ընդդիմությունը փորձում է համաձայնության գալ իշխանության հետ, որ իշխանությունն ինչ-որ դրական քայլեր կատարի, ապա դա բացարձակ անարդյունավետ և տապալված քաղաքականություն է:

– Հայաստանի ոչ իշխանական ուժերը կառավարության առջև տնտեսական խնդիրներ դնելով՝ երբևէ արմատական քննադատության չեն ենթարկում նրա կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը: Արդյոք արտաքին քաղաքական հարցերի շուրջ ունեցած ընդհանրությունը չի՞ բերում համագործակցության նաև ներքին հարցերում:

– Նախ պետք է իրերը կոչել իրենց անուններով. Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից: Իսկ մեկ կենտրոնից կառավարվելը բերում է ոչ թե համագործակցության ներքին կյանքում, այլ ավելի բաց և հրապարակային առևտուր անելու հնարավորության: Այս պահին իշխանության և ոչ իշխանության միջև ընթանում է դիրքային պայքար, թե ի՞նչ համաձայնություններով պետք է մոտենալ 2017-18թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

Հնարավոր է, որ այս գործընթացները հանգեցնեն նրան, որ մինչև այս տարեվերջ որոշվի, թե 2017թ. ո՞նց են կիսելու իշխանությունը: Իսկ հասարակությունն այս գործընթացներից իսպառ դուրս է մնացել:

Սա է պատճառը, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակն իջեցվել է այնպիսի մակարդակի, որ ռուս լրագրողը պետական այցով է ժամանում Հայաստան և իրեն թույլ է տալիս դասեր տալ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարությանը և անդամներին, և չի գտնվում մեկը, որ ասի` տղա ջան, դու ընդամենը լրագրող ես և պետք է անցագրայինում սպասես, մինչև մենք կորոշենք` քեզ ԱԺ մուտք գործելու թույլտվություն տա՞նք, թե՞ ոչ: Սա ևս ինքնիշխանության կորստի դրսևորում է և ևս մեկ ազդակ, այն վերականգնելու անհրաժեշտության համար:

– Կարծիք կա, որ հայ հասարակությունն ինքն էլ է հոգնել ինքնիշխանությունից, դրա համար այնքան էլ սուր չի արձագանքում ինքնիշխանության կորստին կամ այդ ճանապարհով Հայաստանը տանող իշխանությանը և ընդդիմությանը:

– Պետք չէ մեղադրել հասարակությանը. երբ Հայաստանում կար իրական ընդդիմություն, և այդ ընդդիմությունը դնում էր արմատական լուծումների պահանջներ և չէր գնում իշխանության հետ համագործակցության կարգախոսներով, այն ժամանակ հասարակությունն անտարբեր չէր իր երկրի ճակատագրի նկատմամբ և կանգնած էր ընդդիմության կողքին:

Հասարակությունն այսօր հայտնվել է անորոշության մեջ, քանի որ քաղաքական համակարգում չի տեսնում այն քաղաքական ուժերին, որոնք ռեալ կարող են երկրում իրական փոփոխություններ իրականացնել: Հասարակությունը չի տեսնում վաղվա այն քաղաքական լիդերին, որի հետ կարող է հասնել իր և երկրի կյանքում իրական փոփոխությունների: Երբ հասարակությունը տեսնի հույսի հեռանկարը, հասարակությունն անպայման ոտքի կկանգնի և կդիմանա բոլոր դժվարություններին և կլուծի իր առջև կանգնած խնդիրները:

– Բայց կարծես այդ լիդերը կա, այդ լիդերի մասին վերջերս շատ են խոսում և գրում. ով չգնաց իշխանությունների հետ համագործակցության ճանապարհով և չգայթակղվեց բազմաթիվ պաշտոններով:

– Լիդեր ասելով՝ նկատի ունեմ անձ, ով ընդհանուր, պետական շահի, հասարակության հավաքական ծրագրերի իրականացման համար պատրաստ է դիմել անձնազոհության, բոլոր առումներով՝ նյութական, ֆիզիկական: Ոչ թե լոզունգային, որ` պատրաստ ենք գնալ մինչև վերջ, թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, կամ` որ իմ խոսքը գործ է, կամ` պատրաստ եմ ամեն ինչ կորցնել հանուն ժողովրդի, բայց պարզվի, որ դրա մեջ ոչ մի իրականություն չկա: Որվհետև բավական է մենք կարդանք քառյակի կողմից տարածված հայտարարությունը և կհամոզվենք, որ իրական լիդերը չէր կարող կողմ լինել նման հայտարարությանը:

Տեսանյութեր

Լրահոս