
Պատգամավորներին ԱԺ արտահերթ նիստի օրակարգը դեռ չի բաժանվել

Հունիսի 12-ին ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը և նույն օրը հայտարարվեց, որ հունիսի 18-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Մինչ արտահերթ նիստն, ըստ էության, մնացել է 1 աշխատանքային օր, սակայն մինչ այժմ դրա օրակարգը պարզ չէ: Նաև հայտնի չէ, թե առաջիկա արտահերթ նիստում կուտակայինի վերաբերյալ որևէ օրինագիծ ընդգրկված լինելո՞ւ է, թե՞ ոչ: Տեսակետ կար, որ կառավարությունն այս արտահերթ նիստում փորձելու է պատգամավորներին ներկայացնել կուտակային կենսաթոշակային նոր փաթեթը:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պատգամավորներին ևս մինչ այս պահը չի բաժանվել արտահերթ նիստի օրակարգը, իսկ կուտակայինի վերաբերյալ պաշտոնապես ոչ մի թուղթ չի եկել ԱԺ, և պաշտոնական առաջարկներ չեն եղել: