Բաժիններ՝

«Դ!եմ եմ»-ի անդամ. «Այլևս կառավարությանը ոչ մի շանս չենք տալու՝ որևէ օյին անել ժողովրդի գլխին»

Օրերս տեղի ունեցավ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի և ՀՀ վարչապետի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել էր, որ կառավարության մոտեցումներից է՝ պահպանել պարտադիր կուտակայինը պետական հաստատություններում աշխատողների համար՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից նրանց աշխատավարձը բարձրանալու է, սակայն, ոչ թե պարտադիր, այլ «սոցիալական վճար» անվանմամբ: Ինչ վերաբերում է ոչ պետական՝ մասնավոր հիմնարկների աշխատողներին, ըստ Մելքումյանի՝ կառավարությունը պարտադիր պահումները կկիրառի նրանց նկատմամբ 2017 թվականի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ վերջերս «Դ!եմ եմ»-ի թիմը նույնպես հրապարակեց 3 պահանջ  կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Դրանք են՝ 1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։ 2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։ 3. Համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։

168.am-ի հետ զրույցում «Դ!եմ եմ»-ի ակտիվիստ, մասնագիտությամբ հաշվապահ ՄանեԹանդիլյանն ասաց, որ իրենք հրապարակել են 3 սկզբունքներ, որտեղ հստակ երևում է, որ օրենքը պետք է միմիայն լինի կամավորության սկզբունքով, այն չպետք է իրենից ենթադրի որևէ լրացուցիչ անվանափոխություն՝ թեկուզ սոցիալական վճար անվան տեսքով, ինչպես նաև կենսաթոշակայինին միանալը և դրանից հրաժարվելը պետք է լինի կամավոր հիմունքներով.

«Այժմ ինչ-որ նոր առաջարկ է տարածվում կառավարության կողմից, որը բոլորի համար բացարձակ անընդունելի է, որովհետև այնտեղ կան խտրականություններ, ինչպիսիք են, օրինակ, պետական և մասնավոր հաստատություններում աշխատող մարդկանց համար իրենց նախատեսած պայմանները: Մենք կտրականապես դեմ ենք նման առաջարկին, և առհասարակ արդեն ժամանակն է՝ նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք և բավակա՛ն է սպասենք՝ ինչ օրենք կբերեն և ինչ կմտածեն իշխանությունները: Մենք պետք է ավելի հստակ ու ավելի նախաձեռնող գտնվենք այս հարցում»:

Կարդացեք նաև

Մ. Թանդիլյանը նշեց նաև, որ իրենք թույլ չեն տալու, որ որևէ նմանատիպ առաջարկ դառնա նախագիծ և առհասարակ դրվի Ազգային ժողովի քննարկմանը. «Այն դեռևս առաջարկի տեսքով է, բայց դա մի զարհուրելի, ծիծաղելի առաջարկ է, որը չի կարելի կյանքի կոչել և ոչ մի պարագայում: Մեր պայքարը շարունակվելու է»:

Այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հանդիպում են ունեցել ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ քառյակի ներկայացուցիչների հետ և քննարկել են կառավարության կողմից օրերս արված առաջարկները. «Մենք հանդիպեցինք քառյակի անդամների հետ, հստակ պահանջեցինք, որ այդ առաջարկը ոչ մի տեսքով չբանակցվի իշխանությունների հետ, և որևէ կետի շտկում այլևս տեղի չունենա, մենք կտրականապես դեմ ենք այդ առաջարկի՝ որպես նախագիծ, Ազգային ժողով մտնելուն»:
Հարցին, թե քառյակի անդամներն ինչպե՞ս են տրամադրված, Մ. Թանդիլյանը պատասխանեց. «Բացարձակ մարտական, բոլորը մարտական են, և այլևս կառավարությանը ոչ մի շանս չենք տալու որևէ օյին անել ժողովրդի գլխին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս