Հայկական արտադրանքը գրեթե համապատասխանում է ԵՏՄ–ի տեխնիկական չափանիշներին. Էկոնոմիկա փոխնախարար. ԱՌԿԱ
Հայկական արտադրանքը գրեթե համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական չափանիշների պահանջներին։ Ինչպես փոխանցում է ԱՌԿԱ-ն, այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը։
«Հայաստանը, ցանկացած երկրի պես, միշտ ձգտել է համապատասխանել աշխարհում մշակվող վերջին չափանիշներին, որպեսզի երկրում արտադրվող արտադրանքը մրցունակ լինի արտաքին շուկաներում։ Այնպես որ չափանիշների տարբերությունները մեծ չեն», – ասել է Բադալյանը լրագրողներին «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին և գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողովի շրջանակներում։
Նրա խոսքերով` համաժողովի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ արդյունաբերողներին և ձեռներեցներին ԵՏՄ–ի «խաղի կանոններին» և նախապատրաստել նրանց 2015 թ.–ի հունվարի 1–ից հետո ԵՏՄ–ի շուկաներ առանց խոչընդոտների մուտքին։
«Հնարավոր է, որ հայ ձեռներեցներից կպահանջվեն լրացուցիչ ներդրումներ ԵՏՄ–ի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սեփական արտադրանքը համապատասխանեցնելու համար։ Սակայն դա լիովին արդարացված է, քանի որ նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն է տալիս», – նշել է Բադալյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանում հիմա գործում է 76 տեխնիկական կանոնակարգ, իսկ ԵՏՄ–ում 34–ն են, և այժմ դրանց ներդրման շուրջ բանակցություններ են ընթանում։
«Յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի հարցում մեզ քննարկման ժամանակ և անցումային շրջան է հարկավոր, որի ժամկետը կախված է արտադրանքի առանձնահատկությունից և կարող է տևել 4–5 տարի։ Անցումային շրջանի ընթացքում երկրում զուգահեռաբար գործելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՏՄ–ի տեխնիկական կանոնակարգերը», – ասել է Բադալյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում