
«Ֆինանսական կայունությունը՝ որպես կայուն աճի հիմնաքար» թեմայով BSCEE 27-րդ տարեկան կոնֆերանս Երևանում

Հունիսի 11-14-ը Երևանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահությամբ կազմակերպվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) «Ֆինանսական կայունությունը՝ որպես կայուն աճի հիմնաքար» թեմայով 27-րդ տարեկան կոնֆերանս, որին մասնակցել են Ալբանիայի, Ավստրիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Էստոնիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Բելոռուսի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Վրաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի բանկային վերահսկողության ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են գլոբալ վերահսկողական և կարգավորման հեռանկարների, Բազել 3-ի գործարկման մարտահրավերների, բանկային վերահսկողության արդի խնդիրների, մակրոպրուդենցալ վերահսկողության հիմնական ասպեկտների վերաբերյալ թեմաներ:
Կազմակերպվել են «կլոր սեղաններ», որոնց ընթացքում քննարկվել են մասնակից երկրներում կիրառվող մոտեցումները, առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: