
Որոտանի կասկադի գործունեության ժամկետը կերկարաձգվի

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2029 թվականի հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա՝ հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունիսի 18-ից։
Որոտանի ՀԷԿ-երի համալիրի էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան տրամադրվել էր 15 տարի առաջ՝ 1999 թվականի հունիսի 10-ին և այս տարի լրանում է դրա գործողության ժամկետը:
Հիշեցնենք, որ անցած տարի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքը վաճառվեց ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերությանը՝ մոտ 180 մլն դոլարով: Ամերիկյան ընկերությանն են անցել Սպանդարյանի, Շամբի, Տաթևի ՀԷԿ-երը և դրանց շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ ու այլ օժանդակ սարքավորումներ: