Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է կադրային տեղաշարժերը և փոփոխությունները
ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միավորման արդյունքում իրականացվող կադրային տեղաշարժերը և փոփոխությունները լայն քննարկման նյութ են դարձել ինչպես հանրության, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում: Հաշվի առնելով երևույթի նկատմամբ առկա աճող հետաքրքրությունը և այն թյուր տեղեկատվությունը, որը հետևողականորեն շրջանառվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել. կադրային փոփոխությունները և նշանակումները տարերային կամ անձնավորված բնույթ չեն կրում, ինչպես համառորեն փորձ է արվում ներկայացնել: Դրանք իրականացվում են այն նույն տրամաբանությամբ, որով վերջին 6 տարիներին առաջնորդվել է ՊԵԿ-ը` նախապատվությունը տալով բարձրակարգ ու միջազգային ընդունված լավագույն չափանիշներին համապատասխանող և ներուժ ունեցող կադրերին:
Ֆինանսական վերահսկողության տեսչության մասին. վերջին 2 օրերի ընթացքում որպես անհերքելի փաստ է ներկայացվում այն «տեղեկությունը», ըստ որի` իբրև թե վարչության բոլոր աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Իսկ իրականությունն այն է, որ «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման, այսինքն` կատարվել են կառուցվածքային և գործառութային փոփոխություններ և, բնականաբար, աշխատակիցների` աշխատանքից ազատվելու մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքն ուժը կորցրած ճանաչելու և կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում գործընթացը դեռևս չի ավարտվել: 43 աշխատակիցներից բարձր որակավորում ունեցող մասնագետները, բնականաբար, կշարունակեն աշխատանքը:
Ինչ վերաբերում է օրերս շահարկվող տեսակետին, ըստ որի` ոչ թե ՊԵԿ-ն է միացել ֆիննախին, այլ հակառակը, քանի որ, իբրև թե, կադրային փոփոխություններում նախապատվությունը տրվում է բացառապես ՊԵԿ-ի կադրերին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ տեսակետը ևս չի արտացոլում իրականությունը: Ավելին` ներկայացվում են, մեղմ ասած, ուռճացված թվեր, արդյունքում կատարվում են սխալ եզրահանգումներ մի գործընթացի վերաբերյալ, որը դեռ չի էլ ավարտվել, և որի տրամաբանությունն իրականում բխում է զուտ նախարարությունը որակյալ կադրերով ապահովելու նկատառումից: Ձևավորվող տարբեր ստորաբաժանումներում ղեկավար պաշտոններում նշանակվել են ինչպես ֆիննախի, այնպես էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչները: Ավելին` 3 կառուցվածքային ստորաբաժանումներում արդեն իսկ ղեկավար պաշտոններում նշանակվել են ֆիննախի աշխատակիցները, իսկ ՊԵԿ-ի նմանատիպ ստորաբաժանումների ղեկավարները դարձել են նրանց տեղակալները: Ինչ վերաբերում է որոշ նախկին աշխատակիցների կողմից ԶԼՄ-ներին տրված մեկնաբանություններին, ըստ որոնց` իբրև թե նրանց զբաղեցրած պաշտոնից անհամեմատ ցածր պաշտոնների առաջարկներ են արվել, որոնք նրանք մերժել են` դիտարկելով իբրև արժանապատվության դեմ ուղղված դիտավորյալ քայլ, ապա այս հարցի շուրջ ևս անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել: Ինչպես պարզվել է, նախքան միավորումը նախարարությունում տարիներ շարունակ գործունեություն են ծավալել վարչություններ, որոնց ղեկավարներն ընդամենը 3 աշխատակից են ունեցել, բնականաբար, դրանք օպտիմալացման գործընթացում վերակազմակերպվել են, ինչի հետևանքով այդ ղեկավարներին աշխատանքը համակարգում շարունակելու այլ առաջարկներ են արվել, որոնք էլ մերժվել են` «արժանապատվությունից ցածր» ընկալվելու պատճառով, եղել են նաև առաջարկներ, որոնք ընդունվել են:
Նախարարության տարբեր ստորաբաժանումներում օպտիմալացման գործընթացը տարբեր պատկեր է արձանագրել: Մասնավորապես` ֆիննախից և ՊԵԿ-ից կատարվել են հետևյալ կրճատումները.
• Իրավաբանական վարչությունից` 9 աշխատակից
• Գործառնական վարչությունից` 1 աշխատակից
• Ներքին աուդիտի վարչությունից` 6 աշխատակից
• Լիցենզավորման գործակալությունից` 1 աշխատակից
• Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչությունից` 1 աշխատակից
• Ֆինանսական շուկայի զարգացման վարչությունից` 2 աշխատակից
• Ֆինանսահաշվային վարչությունից` 1 աշխատակից
• Հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչությունից` 5 աշխատակից
• Համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչությունից` 3 աշխատակից
• Միջազգային համագործակցության վարչությունից` 1 աշխատակից
• Աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունից` 1 աշխատակից և այլն:
Ֆինանսների նախարարության կադրային նոր քաղաքականության շուրջ արհեստականորեն խրախուսվող աժիոտաժը հարկադրում է հիշեցնել, որ որակյալ աշխատանքը կատարում են որակյալ կադրերը: Այս տրամաբանությունն է եղել ՊԵԿ-ի 6 տարիների գործունեության հիմքում: Մասնավորապես` համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման ավտոմատացման, ռեսուրսների տնտեսման, ինչպես նաև հարկ վճարողների հետ անմիջական շփումների կրճատման, հարկային վարչարարության պարզեցման համատեքստում 57 հարկային տեսչություններից 35-ը լուծարվել էին, որի արդյունքում հարկային ծառայողներից 429-ը կրճատվել էին, իսկ միայն 2014թ. առաջին եռամյակում աշխատանքից ազատվել էր ՊԵԿ-ի 39 աշխատակից:
Պետական եկամուտների կոմիտեի` օպտիմալացման և կադրային նպատակային քաղաքականության արդյունքում արձանագրած ձեռքբերումները գնահատել են ոչ միայն բիզնեսը, այլ նաև միջազգային կառույցները` արժանացնելով բարձր գնահատականների: Այդ առումով հատկանշվում է ՊԵԿ-ի կառավարման համակարգի` միջազգային ստանդարտին համապատասխանելու համար հեղինակավոր «Բյուրո Վերիտասի» կողմից տրված հավաստագիրը: Ներկայում իրականացվող կադրային փոփոխությունների գլխավոր ելակետը ևս մնում է և լինելու է նախարարության առջև դրված դժվար խնդիրների արդյունավետ կարգավորումն ապահովող որակյալ կադրերի ընտրությունը, ինչն, ի դեպ, քարացած գործընթաց չէ, և ինչպես ՊԵԿ-ի դեպքում էր, այնպես էլ նախարարությունում պարբերական բնույթ է կրելու` առաջնահերթությունը տալով լավագույն կադրերին:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին