Որտեղ են նախընտրում հանգստի մեկնել հայերը՝ ըստ տուրիստական գործակալությունների (տեսանյութ)
Թեև վերջին տարիներին Հայաստանում կառուցվել են բազմաթիվ հանգստյան տներ և հանգստի գոտիներ, սակայն հայ հասարակության լայն շերտերի համար դրանք մնում են անհասանելի: Հայաստանից դուրս՝ այլ երկրներում, հանգստի մեկնելն ավելի մատչելի է, քան, ասենք՝ Ծաղկաձորում հանգստանալը: Ուստի հատկանշական է, որ վերջին տարիներին նկատվում է այլ երկրներում հանգիստն անցկացնելու տենդենց:
Մեր քաղաքացիների հետ կատարված հարցումները ցույց տվեցին, որ այսօր քչերն են ի վիճակի ամառային հանգիստն անցկացնել քաղաքից դուրս, իսկ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, նախընտրում են երկրից դուրս գալ, քանի որ, ինչպես նշեցինք՝ Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է:
«Օնլայն Թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Վահե Հովակիմյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի բնակիչներն ավելի շատ նախընտրում են հանգիստը Եվրոպայում: «Մարզերի բնակիչներն ավելի շատ Ռուսաստանն են նախընտրում: Հայերի համար ավելի մատչելի են Հունաստանը, Կիպրոսը, Դուբայը: Տարբեր խավի ներկայացուցիչներ են դիմողները»,- նշեց նա:
Վ. Հովակիմյանը նույնպես նկատեց, որ Վրաստանում (կոնկրետ Քոբուլետի, Բաթում, Ուռեկի) հանգիստն ավելի մատչելի է լինում, քան Սևանում, Ծաղկաձորում, դրա համար մարդիկ նախընտրում են ընտանիքներով հավաքվել և գնալ Վրաստան. «Հայաստանում, օրինակ, զարգացած չէ վարձով տներ տալը, իսկ այնտեղ տները ծառայում են՝ որպես հյուրանոց: Բնակիչներն իրենց տները վարձով են տալիս շատ էժան գներով՝ 2-3 հազար դրամով»:
168.am-ը զրուցեց նաև «Լինկտուր» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Շողեր Շահնազարյանի հետ: Նա նշեց, որ այս տարի հիմնականում դիմում են Թուրքիա և Եգիպտոս գնալու համար, քանի որ այնտեղ գներն անհամեմատ «նորմալ» են: «Մեզ մոտ ավելի շատ տուրիստները դիմում են outgoing (Հայաստանի սահմաններից դուրս) ճանապարհորդությունների համար, քան Հայաստանի ներսում: Այս տարի շատ են դիմել Թուրքիա և Եգիպտոս գնալու համար»,- ասաց նա:
«Հյուր սերվիս» տուրիստական գործակալությունից Մարիաննա Քոսակյանն էլ նկատեց, որ թեև իրենց ծառայություններն ավելի շատ միտված են արտասահմանցիներին, սակայն վերջին տարիներին դիմում են նաև տեղաբնակները. «Տեղացիներն ավելի շատ օգտվում են մեր հյուրանոցային ծառայություններից՝ մարզերում, որտեղ գնում են հանգստանալու՝ Աղվերան, Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ, և այլն: Վերջերս սկսել են նաև մեր էքսկուրսիաներից օգտվել»:
«Կարդինալ Թրավել» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Մարիամ Սահակյանի տվյալներով էլ՝ ամառվա սեզոնին ավելի շատ Թուրքիա, Եգիպտոս գնալու համար են դիմում իրենց, այնուհետև՝ Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա ու այն ուղղություններով, որտեղ կարող են գնալ ուղիղ չվերթով. «Օրինակ, այս տարի Իսպանիա, Մոնտենեգրո, Կիպրոս մեկնելու համար շատ են դիմում: Սակայն ամենամատչելի տարբերակը Եգիպտոսն է»: Նա նկատեց, որ վերջին տարիներին իրենց դիմողների թիվն աճել է, ինչը նշանակում է, որ մարդիկ «ավելի եվրոպական են սկսել մտածել». «Թեկուզ գումար չունեն, բայց տարվա մեջ մի անգամ գնում են հանգստանալու: Ավելի շատ մենթալիտետն է փոխվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: