Սոս Գիմիշյանը` քառյակի 12 կետանոց պահանջների մասին. «Կենցաղային մանր-մունր հարցեր են»

«Քառյակի ներկայացրած 12 կետերը չեն արտահայտում Հայաստանում առկա խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քրիտոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` նշելով, որ միայն մեկ քաղաքական լուրջ խնդիր կա, որ քառյակը բարձրացրել է, այն է՝ «Որ խորհրդարանական ընտրությունները լինեն ամբողջությամբ համամասնական, մյուսները լուրջ խնդիրներ չեն»:

Ս. Գիմիշյանի կարծիքով՝ այդ կետերը կառավարության հետ համագործակցելու առաջարկի են նմանվում, ոչ թե ընդդիմանալու. «Չնայած՝ ո՞վ է ասել, որ ոչ իշխանականները պետք է ընդդիմություն լինեն: Ոչ իշխանականը ոչ իշխանական է, կա նաև ընդդիմադիր հասկացողություն»,- նկատեց նա:

– Ինչպիսի՞ խնդիրներ պետք է ներկայացներ քառյակը` որպես ընդդիմություն:

– Իհարկե, նախ պետք է սկսել նախագահի պաշտոնավարման վերաբերյալ հարցադրումներով, ոչ թե կառավարության, քանի որ այս երկրում ամեն ինչ նախագահն է որոշում: Երկրորդը` ընդդիմությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի նախապատրաստվող խաբեության` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պետք է միանշանակ բարձրացնի խնդիր` հասարակության հետ համագործակցելու և ակտիվացնելու, համախմբելու վերաբերյալ: Դրա համար, նախ և առաջ, այդ ընդդիմությունը պետք է վստահություն վայելի ժողովրդի կողմից:

Կարդացեք նաև

– Այսինքն, ըստ Ձեզ՝ քառյակը վստահություն չի՞ վայելում հասարակության կողմից:

– Իհա՛րկե ոչ, այնքան են խաբել ժողովրդին, ո՞նց վայելեն: Ո՞վ է այնտեղ վայելելու: Ո՞վ չի խաբել: Ո՞վ ժողովրդի դեմ չի գործել: Ո՞վ հիասթափության լուրջ պաշար չի կուտակել: «Բարգավաճն» ու «Դաշնակցությունն» իշխանություն եղել են և մնում են, ժողովրդի դեմ պայքարել են: «Ժառանգությունը» լուրջ վստահության թեստ անցավ ժողովրդի կողմից, լուրջ քայլերի չդիմեց, չկարողացավ արդարացնել: ՀԱԿ-ն էլ, դե, բազմաթիվ անգամ խաբել է, ասել է մի բան, արել է մեկ այլ բան: Ի վերջո, ժողովուրդը կանգնել էր, վստահում էր նրան, ինչի՞ հասան, ոչ մի բանի: Ինչքա՞ն կարելի է վստահել:

– Որքանո՞վ է իրատեսական, որ թեկուզ այդ 12 կետերը կիրականացվեն կառավարության կողմից:

– Կառավարությունը չի կատարի, այնտեղ կատարելու բան չկա: Այնքան անլուրջ խնդիրներ են, կենցաղային մանր-մունր հարցեր են:

– Այսինքն՝ թեկուզ այդ մանր-մունր խնդիրները չե՞ն լուծվի:

– Իհա՛րկե ոչ, այս կառավարությունը զբաղված է թալանով և շարունակելու է: Դա իր էությունն է, իր բնույթն է: Իրենք այս մանր-մունր առաջարկներով փաստացի ասում են` «արի մի փոքր քիչ թալանով զբաղվի, շատ փոքր, մի 2-3 տոկոս»: Այդ հարցերը, որոնք բարձրացվում են, այդ ամբողջ չարիքի փոքրագույն մասն է: Նույնն է թե՝ առաջարկես` արի համագործակցենք:

Տեսանյութեր

Լրահոս