Ի՞նչ է քարոզում «Հայ եկեղեցու պատմությունը» հանրակրթական դպրոցում (տեսանյութ)
Կրթության նախարարությունը պնդում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան քարոզչություն չի իրականացնում և չունի անհանդուրժողականության որևիցե դրսևորում, սակայն փորձագետները համաձայն չեն այս պնդման հետ:
«Առաջարկում եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխարհիկ հիմքերի վրա կազմել քրիստոնեական դաստիարակության դասընթացներ` որպես այլընտրանք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային»,- ասաց հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը
2013թ. հունիսին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) երեխայի իրավունքների հանձնաժողովի՝ ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում ներառվել էր առաջարկություն՝ «վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը:»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, ասել է, որ նախարարությունը չի ընկրկի և արեւմտամետ ՀԿ-ները ԿԳՆ-ին չեն ստիպի հանել ցածր դասարաններում դասավանդվող քրիստոնեական բարոյախոսության դասերը:
«Հայ եկեղեցու պատմության դասագրքում ամբողջացվում է հայ ազգի նկարագիրը, սակայն կա անդրադարձ նաև հին կրոններին` օրինակ` զրադաշտականությանը, բուդդայականությանը, հինդուիզմին, ինչպես նաև քրիստոնեական այլ ուղղություններին», – պարզաբանեց Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը:
Բանախոսը նշեց, որ մինչ այս պահը պատկան մարմինները չեն ստացել ոչ մի գրավոր բողոք դիմում ո´չ ծնողներից և ո´չ ուսուցիչներից: Ընդհակառակը, դպրոցներում անցկացրած հարցումների ընդհանուր առմամբ 1500 հարցաթերթիկում աշակերտներն ու ուսուցիչներն ընդգծել են առարկայի կարևորությունը ու գրել շնորհակալական խոսքեր: Հիմնվելով այդ հարցաթերթիկների մեջ եղած առաջարկների վրա` Հայ եկեղեցու պատմության դասագրքերը վերանայվել ու բեռնաթափվել են:
«2007թ. ես առաջարկել եմ կազմել հոգևոր դաստիարակության դասընթաց, սակայն իմ առաջարկը մերժվել է: Իսկ այժմ Կրթության և գիտության նախարարությունը փակ է առաջարկների համար», – հայտարարեց Արմինե Դավթյանը` նշելով, որ ԿԳՆ-ն չի տրամադրում տարրական դասարաններում դասավանդվող Քրիստոնեական դաստիարակության դասագրքերն ուսումնասիրության համար:
Արմինե Դավթյանը վստահ է, որ դասագրքերի որոշ նյութեր դոգմատիկ են` որպես օրինակ բերելով աշխարհի ստեղծման մասին նյութը:
Բանախոսն անդրադարձավ ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքներին` նշելով, որ հասարակության այդ խմբերը խուսափում են բարձրաձայնել իրենց բողոքը վախի պատճառով, սակայն այդ բողոքներից մի քանիսը ներկայացված են 2012թ. իրենց կազմած ձեռնարկում:
«Իսպանիայում նույնպես դասավանդում են «Եկեղեցու պատմություն» առարկան, իսկ Իսրայելում կա «Ինքնանույնականացման» առարկա: Ինչո՞ւ ՄԱԿ-ը խորհուրդ չի տալիս այս պետություններին վերացնել այդ առարկաները»,- հարցնում է Հասմիկ Մարգարյանը:
Տիկին Մարգարյանը մեջբերեց «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը:
«Այդ օրենքը հակասում է բոլոր կոնվենցիաներին, քանի որ չի կարելի պարտադրել սեփական կրոնական համոզմունքները հանրակրթության մեջ», – հակադարձեց Արմինե Դավթյանը՝ եզրափակելով, որ ամենակարևորն ուսուցչի գործոնն ու դասագրքի բովանդակությունն են: