Նոր վիրահատական մեթոդ Հայաստանում, որի շնորհիվ կրծքագեղձի էսթետիկական տեսքը պահպանվում է

«Չկա մի կին, որի կուրծքը հեռացված լինի, իսկ նա ժպտա»,- ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ ուռուցքաբան Արմեն Քոչարյանը` խոսելով այն նոր վիրաբուժական մեթոդի մասին, որը սկսել է կիրառվել Հայաստանում: Դրա շնորհիվ պահպանվում է կրծքագեղծի մաշկը և պտուկը: Այս մեթոդը Հայաստանում սկսել է կիրառել Միացյալ Նահագներից Հայաստան ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը: Նա նշեց, որ Հայաստանում չկա մասնագետների պակաս, և նա շարունակելու է հայ մասնագետներին սովորեցնել այս նոր մեթոդը:

Ա. Քոչարյանն ասաց, որ նոր մեթոդի դեպքում` տեղադրելով պրոթեզ` կինը (ի տարբերություն նախկին ժամանակի, երբ հեռացվում էր կուրծքը) պահպանում է կուրծքը, այսպես ասած, կրծքագեղձի էսթետիկական տեսքը պահպանվում է. «Բոլորովին վերջերս Հայաստանում կատարվել է նմանատիպ վիրահատություն (մի քանի օր առաջ՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում) պարոն Սալիբյանի ղեկավարությամբ: Կատարվել է կրծքագեղծի հեռացում քաղցկեղի պատճառով, և պահպանվել է կուրծքը և պտուկը, այսինքն` այն վիրահատությունը, որը պարոն Սալիբյանի օգնությամբ և ղեկավարությամբ՝ ներմուծմամբ կատարվել է, հաջողությամբ է ընթացել, և հիվանդի վիճակը հիմա շատ լավ է, ամեն ինչ նորմալ է ընթանում»:

Նա նշեց, որ կան տարբեր տեսակի և չափսի ուռուցքներ, և երբեմն անհրաժեշտ է լինում քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, և այս պայմաններում հնարավոր չի լինում (այսինքն՝ մաշկը ներգրավված է լինում ուռուցքային պրոցեսի մեջ) կատարել այդ վիրահատությունը. «Եթե կա ուռուցք մինչև 2 սանտիմետրանոց, թևատակի լիմֆատիկ հանգույցներն ախտահարված չեն, կամ 1-2 լիմֆատիկ հանգույց է ախտահարված, ապա կատարվում է նշված վիրահատությունը` պտուկի և մաշկի պահպանումով»:

Խոսելով այս վիրահատության գների մասին՝ Ա. Քոչարյանն ասաց, որ մինչ այժմ Ա. Սալիբյանն այս վիրահատությունը Հայաստանում կատարել է իր միջոցներով, իսկ ընդհանրապես Հայաստանում այդ վիրահատությունը լինելու է մատչելի. «Նա իր միջոցներով է բերել պրոթեզները, և մենք հիվանդներից ոչ մի տեսակի գումար չենք վերցրել, միայն կան հետազոտություններ, որոնք չեն կատարվում այդ շրջանակներում, չնչին գումարներ են: Իսկ մնացած բոլոր ծախսերը դոկտոր Սալիբյանն ինքն է հոգացել, և վիրահատությունները կատարվել են բացառապես անվճար»:

Կարդացեք նաև

Ա, Քոչարյանն ասաց, որ այդ վիրահատության գումարը կազմելու է հենց բուն վիրահատության և առանձին պրոթեզի գումարը. «Անկեղծ ասած, ես հիմա չեմ կարող գումարի չափն ասել, քանի որ ես չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ մենք  պլանավորում ենք անել, և դա մեր ժողովրդի համար մատչելի է լինելու: Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ժողովրդի կարողությունները»:

Ա. Սալիբյանն ասաց, որ այդ պրոթեզները  բերում են Ամերիկայից. «Եվրոպայում, արդեն 20 տարուց ավելի է, այս վիրահատությունն անում են, իսկ Ամերիկայում 10 տարի առաջ են սկսել»:

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում արդեն 5 հոգի ենթարկվել են նման վիրահատության։

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս