Բռնաբարության, ավազակության, առևանգման մեջ մեղադրվող ոստիկանի պաշտպանը կմիջնորդի դատարան հրավիրել ամբաստանյալի քրոջն ու ընկերուհուն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բռնաբարության, ավազակության, առևանգման, ինչպես նաև քրեական օրենսգրքի ևս երկու հոդվածներով մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում որպես Էդգար Վարագյաի պաշտպան ներգրավվեց Արայիկ Ալվանդյանը, ով հայտնեց, որ նախաքննության ընթացաքում մասնակցել է ամբաստանյալի պաշտպանությանը, ծանոթ է քրեական գործի նյութերին:
Դատարանում փաստաբանը հայտնեց, որ միջնորդելու է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի քանի անձանց, որոնց թվում են` ամբաստանյալի քույրն ու ընկերուհին. փաստաբանը հայտարարեց նաև, որ նրանց մի մասին անհրաժեշտ է հարցաքննել դռնփակ դատական նիստում:
Դատարանը որոշեց հետաձգել քրեական գործի քննությունը, կրկին հիշեցում ուղարկել ոստիկանություն վկա Գևորգ Չթեյանին բերման ենթարկելու մասին, ինչպես նաև հաջորդ դատական նիստի ընթացքում անդրադառնալ պաշտպանի միջնորդությանը, քննարկել այդ վկաների հարցաքննության անհրաժեշտությունն ու նրանց հարցաքննությունը դռնփակ անցկացնելու հիմնավորումներին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 26-ին: Պաշտպանի միջնորդությունը քննելուց հետո դատարանը կանցնի քրեական գործի ապացույցների հետազոտմանը:
Նշենք, որ նրան մեղսագրվում են արարքներ, որոնք համապատասխանում են Քրեական օրենսգրքի միանգամից 5 հոդվածների հատկանիշներին: Մասնավորապես, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, որոնցից մեկը՝ անչափահաս, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված՝ կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երևանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս, իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Է.Ս.-ի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից աչքերը մրմռացնող նյութ՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին:
Այնուհետև Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բ.-ի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել նրանց պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամի գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ՝ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆդոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց և «Սոնի» մակնիշի 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արշողության բարձրախոս, ինչպես՝ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճամպրուկ:
Այնուհետև Էդգար Վարագյանն իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ տուժողներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրաբար տեղավորել է իրենց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք:
Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նյրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Դրանից հետո Էդգար Վարագյանը, նույն սպառնալիքներով, Ք.Բ.-ի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է: Հետագայում մեքենան թողել է Երևանի Քանաքեռ թաղամասի տարածքում:
Ավելի վաղ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ առաջադրված մեղադրանքում իրեն առաջադրված մեղադրանքում Էդգար Վարագյաննն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո` 2013 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաև ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, որի ազդեցության տակ, վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք.Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան` առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետևանքները: