«Ավազակ-սեռական մոլագար», դիմակավոր ոստիկանի գործը կքննի Մեսրոպ Մակյանը
ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ոստիկանին մեղսագրվում են արարքներ, որոնք համապատասխանում են Քրեական օրենսգրքի միանգամից 5 հոդվածների հատկանիշներին: Մասնավորապես, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, որոնցից մեկը՝ անչափահաս, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված՝ կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երևանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս, իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Է.Ս.-ի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից աչքերը մրմռացնող նյութ՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին:
Այնուհետև Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բ.-ի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել նրանց պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամի գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ՝ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆդոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց և «Սոնի» մակնիշի 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արշողության բարձրախոս, ինչպես՝ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճամպրուկ:
Մանրամասները այստեղ`