Փորձում եմ ներկայացնել այն, ինչ կառավարությունն ունի. ֆինանսների փոխնախարար
Այսօր ԱԺ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին խորհուրդ տվեց ներկայանալ ոչ որպես հաշվապահ, այլ որպես ֆինանսիստ, և ոչ թե թվերը զուտ զեկուցել, այլ վերլուծություն ներկայացնել:
«Ներդրումների լուրջ կորուստներ ունենք: 60%-ով նվազել են արտաքին ուղիղ ներդրումները: Ո՞ր քաղաքականության, ո՞ր որոշման, ո՞ր քայլի պատճառով են ներդրումները նվազել»,- հարցրեց Մանուկյանը:
Նա նկատեց, որ հարկային քաղաքականությունը բազմիցս փոփովել է, իսկ փողը սիրում է կայուն վայր. «Կոռուպցիան, մենաշնորհները ինչքանո՞վ են ազդում: Դուք այդպիսի ուսումնասիրություններ արե՞լ եք, ինչո՞ւ է այսպիսի վիճակ»:
«Ես ինձ այստեղ չեմ զգում ո’չ հաշվապահի, ո’չ ֆինանսիստի դերում: Ես այստեղ ներկայացնում եմ օրենքով սահմանված կարգով բյուջեի կատարողականը: Ստեղծագործական աշխատանքով չի, որ զբաղված եմ այս պահին, փորձում եմ ներկայացնել այն, ինչ կառավարությունն ունի»,- հակադարձեց Ջանջուղազյանը:
Անդրադառնալով ներդրումների խնդրին` փոխնախարարը նշեց, որ հարցի պատասխանը կլինի տեսական դատողություններ անելը: Ըստ նրա` Մանուկյանի նշած գործոններն ունեն ազդեցություն, բայց դրանք ամբողջական չեն:
«Ես չեմ տալիս գնահատական, որ միայն դրանք են ազդում, բայց դրանցից յուրաքանչյուրը թողնում է իր ազդեցությունը: Տարածաշրջանային առումով Հայաստանի զարգացման տեմպերը շատ ավելի թույլ են, քան մեր բոլոր հարևաններինը: Սա դաժան փաստ է, իրականություն է: Մեր նոր կառավարության կազմում բիզնեսմեն նախարարների հայտնվելը վնասել է ներդրումներին և վասնելու է: Մարդիկ մտածում են` եթե այդ մարդն է, ես նրան փող չեմ տա»,- հատարարեց Ա. Մանուկյանը: