Սանբերրիի օգտակար հատկությունները
Բուժիչ նամակներ
Անգլերենից (Sunberry) թարգմանաբար նշանակում է Արեգակի պտուղ։ Այդպես է անվանել բույսն ամերիկացի սելեկցիոներ Լ. Բերբանկը (1849-1926), նրան հաճախ համեմատում էին Ի. Վ. Միչուրինի հետ։ Բերբանկը միշտ գտնվում էր փնտրտուքների մեջ, նա հաճախ էր օվկիանոսի ափով և լեռների մոտակայքով քայլելով հետևում ծաղկող բույսերին, իսկ աշնանը հավաքում էր դրանց սերմերն ընտրասերման համար։ Բերբանկը ստեղծել է կակտուս առանց փշի, երկնագույն կակաչ, սալոր առանց կորիզի, և այլն։
Սանբերրին պատկանում է մորմազգիների ընտանիքին, բույսը հիբրիդ է եվրոպական տարածվող մորմի և աֆրիկականի։ Սանբերրին արտաքնապես 1-1,5 մ բարձրության հասնող միամյա բույս է։ Մուգ մանուշակագույն («անտրացիտ»-ի սև գույնը հիշեցնող) պտուղների տրամագիծը հասնում է մոտ 2 սմ-ի։ Հասած 10-15 հատ հատապտուղները հավաքված են ոչ մեծ ողկույզով։
Պտուղները լիարժեք հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որոնք կիրառելի են մուրաբա, ջեմ, գինի, կոմպոտներ պատրաստելու համար։ Պտուղները սառնարանում կարելի է պահել մինչև մեկ ամիս։ Չորացնել կարելի է մինչև 40 աստիճան C ջերմաստիճանում։ Սանբերրին օժտված է բուժիչ հատկություններով։ Սելենի պարունակությունը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։ Սանբերրին ունի երիտասարդացնող հատկություն։
Անտոցիանները լավացնում են արյան որակը։ Պեկտինն օրգանիզմից հեռացնում է թույներն ու խարամները։
Պտուղն օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության, օստեոխոնդրոզի, ռևմատիզմի դեպքում։ Նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, ունի ցավամոքիչ հատկություններ, պայծառացնում է տեսողությունը, ունի թույլ լուծողական ազդեցություն։ Պտղի հյութը մտնում է մաշկային (փսորիազ, էկզեմա) հիվանդությունների բուժման համար նախատեսված կոմպլեքս միջոցների կազմի մեջ։
Սանբերրին կարելի է աճեցնել տնային պայմաններում։
Դեղատոմսեր
Երիտասարդացնող էլիքսիր. Հատապտուղներից քամեք հյութը` լուծեք ջրի մեջ (1։1), ավելացրեք մեղր (500 մլ հեղուկին` 100 մլ մեղր)։ Լցրեք շշի մեջ, պահեք սառնարանում։ Խմեք 1 թ/գ նախաճաշից առաջ։ Լավացնում է հիշողությունը, մաշկի որակը, պայծառացնում է տեսողությունը, բարձրացնում է դիմադրողականությունը։
Շագանակագեղձի բորբոքում. 500 մլ եռջրի մեջ լցրեք 5-ական գրամ չոր պտուղ և մատուտակ մերկի արմատ, ծածկեք կափարիչով, թրմեք 8-10 ժամ։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Ամեն անգամ պատրաստեք թարմը։
Ստամոքսաբորբ, փորկապություն, ցիստիտ, հիպերտոնիա, հոդատապ, նևրալգիա, բրոնխների ասթմա. 1 թ/գ մանրացրած տերևը 2 ժամ թրմեք 250 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ կամ հետո։
Անգինա. Պտղի հյութը խառնեք գոլ ջրի հետ (1։3), կատարեք ողողումներ։
Քոր. 2 ճ/գ չորացրած պտուղը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 2 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Խորհուրդ է տրվում նաև դնել թրջոցներ։
Ոգեթուրմ. 50 գ մանրացրած, չոր պտուղները (տերևները) 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում։ Քամեք։ Խմեք 20-30 կաթիլ` օրը 2-3 անգամ, 100 մլ ջրի հետ։ Դրեք թրջոց հոդացավի դեպքում։
Թարախային վերքեր, տրոֆիկ խոց. Տրորեք թարմ հատապտուղը, խառնեք մածունի հետ, դրեք թրջոց։
Հում մուրաբա. 1 կգ հատապտուղն աղացեք (մսաղացով), ավելացրեք 1 կգ շաքարավազ, 10 ժամ հետո տեղադրեք ապակե տարայի մեջ, պահեք սառնարանում։ Կերեք 1-2 թ/գ` օրը 3 անգամ` անկախ ուտելուց։
Գինի. Լավ հասունացած (փափկած) պտուղները տրորեք փայտե գդալով, խառնեք աղացած քաղցր խնձորի (1։1), շաքարավազի (յուրաքանչյուր 1 կգ հումքին` 2 թ/գ) հետ։ 3-4 օր թրմեք ոչ կիպ փակված տարայի մեջ, ավելացրեք ջուր (1։10) և շաքարավազ` խմորվող հումքի չափով (1։1)։ Գինու հասունացման ժամանակը 2-3 ամիս է` կախված տարածքի ջերմաստիճանից։ Խորհուրդ է տրվում խմել 20-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։
Զգուշացում։ Բուժումներն անցկացնելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: