Այս իշխանության օրոք հաղթում է կրակողը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Հունիսի 8-ը Հայաստանում ընտրական կիրակի էր, որին անտարբեր էր ընդդիմությունը, ինչը երանելի վիճակ էր ստեղծել իշխանության համար: ՏԻՄ ընտրությունները հատկապես ինտրիգային էին 2 քաղաքաներում՝ Գորիս եւ Ջերմուկ: Հատկապես Գորիսում սպասվում էր, որ Սուրիկ Խաչատրյանի լծի տապալումից հետո գորիսեցիները քաղաքացիական կեցվածք կցուցաբերեն, բայց պարզվեց՝ Լիսկայի հաղթանակն անխուսափելի է, մթնոլորտը՝ դեռ ստրկական: Կիրակի օրը այստեղ հաղթել է նրա թեկնածուն՝ Վաչագան Ադունցը, հավաքելով 4 հազար 732 քվե, իսկ վերջինիս մրցակիցը՝ անկուսակցական Հրայր Յոլյանը, 2 հազար 956 ձայն: Անվավեր է ճանաչվել 510 քվեաթերթիկ:
Ավելի վաղ իրենց թեկնածությունն էին առաջադրել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք եւ վիրավորված Արտակ Բուդաղյանների եղբայր Արա Բուդաղյանը եւ գործարար Տիգրան Կարապետյանը, որոնք ավելի ուշ ինքնաբացարկ հայտնեցին: Նախ, իրավիճակի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ մարզպետ Վահե Հակոբյանից: Նրա հեռախոսին պատասխանեց օգնականը. «Հակոբյանը չի կարող պատասխանել, նա այս պահին հանգստանում է»: Մեզ հետ զրույցից չխուսափեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Հակվա՞ծ էր ժողովուրդը Սուրիկ Խաչատրյանի թեկնածուին ընտրելու, թե՞ նրան պարտադրվեց այդ ընտրությունը, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Ամեն ինչ պայմանավորված էր լիսկայական ընտրություններով, որով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Լիսկան ՀՀ-ում ընտրակեղծարարության վարժապետն է՝ սկսած 1994 թվականից, որի առաջին թիրախը եղել եմ ես: Սա համարել հաղթանակ, ես չէի կարող այդ բառն օգտագործել»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։