Խոզի ճարպի օգտակար հատկությունները
Բուժիչ նամակներ
Հնէաբանները կարծում են, որ խոզի մաշկի տակ պարունակվող ճարպից` մեզ ծանոթ սալի ստացման գաղտնիքները հայտնի են եղել այժմյան Իտալիայի տարածքում 3000 տարի առաջ։ Նորագույն ժամանակներում աղի մեջ պատրաստված խոզի ճարպը, նույնն է` սալը, առավել հարգի է Արևելյան Եվրոպայի երկրներում և Գերմանիայում։ Համարվում է, որ լավագույնն այն սալն է, որ դեռ չի հասցրել խտանալ, այսինքն` հյուսվածքները դեռ «ողջ» են։
20-րդ դարի 60-ականներից զտված բուսական յուղերի շուկայի ընդարձակմանը համընթաց` ետին պլան նահանջեցին կարագը, խոզի ճարպը, և այլն` որպես խոլեստերին պարունակող կենդանական յուղեր։
Սալն այն սննդամթերքն է, որն առավել չափով համապատասխանում է հին իմաստունների վաղուց ի վեր թևավոր դարձած ճշմարիտ արտահայտությանը. «ամեն մթերք կարող է ծառայել որպես դեղ կամ որպես թույն` կախված չափաքանակից»։
Սալի քիմիական բաղադրությունը
Խոզի ենթամաշկային ճարպի էներգետիկ արժեքը շատ բարձր է` 770կկալ (100 գ հումքի մեջ)։
Հարուստ է ճարպի մեջ լուծվող A, E, D, K2 վիտամիններով, չի պարունակում թունավոր և ռադիոակտիվ նյութեր, քանի որ նպաստում է դրանց հեռացմանն օրգանիզմից։
Սալի հիմնական հարստությունը արախիդոնի ճարպաթթուն է և սելեն միկրոտարրը, ընդ որում` լավ յուրացվող։
Սելենը, ինչպես հայտնի է, ունի համակարգային նշանակություն մարդու օրգանիզմի համար։ Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում ուտել սալը սխտորի հետ, որը նույնպես հարուստ է սելենով։ Միաժամանակ կարելի է պնդել, որ սալի հետ լավ է համակցվում հում բանջարեղենը և կանաչին, հատկապես համեմը և դրա սերմը, որոնք նույնպես սելեն են պարունակում, նաև արևածաղկի յուղը, և խնձորի կամ խաղողի քացախը, սև հացը։
Արախիդոնի ճարպաթթուն, ինչպես և սելենը, անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին. այն պարունակվում է բջիջների թաղանթում։ Սելենը և արախիդոնի թթուն հզոր հակաօքսիդանտներ են և շատ օգտակար են սրտին։
Գերմանացի գիտնականները նույնիսկ խորհուրդ են տալիս ուտել օրը 15-20 գ սալ։
Կան տվյալներ, որ խորհրդային ժամանակներում Պոլիտբյուրոյի բոլոր անդամները պարտադիր պետք է ուտեին օրը 15-20 գ սալ։ Ինֆեկցիոնիստ բժիշկները կարծում են, որ սալը, ի տարբերություն մսեղենի և ձկնեղենի, չի պարունակում վնասատու միկրոօրգանիզմներ։
Արախիդոնի ճարպաթթու
Չի պարունակվում բուսական յուղերում, անհրաժեշտ է հորմոնների գոյացման և խոլեստերինի բնականոն փոխանակման համար։ Պարունակվում է խոզի ճարպում-2գ` 100 գրամի մեջ, կարագում-0,2 գ, որոշ այլ կենդանական ճարպերում-0,6 գ, ձկան յուղում-30 գ, և ճարպ պարունակող հյուսվածքներում։ Օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 5 գ է։
Դասվում է չհագեցած, մարդու օրգանիզմում ոչ սինթեզվող ճարպաթթուների շարքին, թեև կարող է փոքր քանակությամբ սինթեզվել լինոլի ճարպաթթվից։
Լինոլի ճարպաթթուն շատ է չզտված արևածաղկի` 15-60 %, եգիպտացորենի-43-55% յուղերի մեջ և այլն, քիչ է ձիթայուղում-4-14%, կա խոզի ճարպում-8-10% և կարագում 4-5%։
Որպես կոշտ ճարպերին փոխարինող յուղ` առաջարկվող մարգարինում պարունակվող լինոլի թթուն զուրկ է կենսաբանական արժեքից։ Սալը պարունակում է նաև լինոլենի, պալմիտինի և օլեինի ճարպաթթուներ, ինչի շնորհիվ իր կենսաբանական ակտիվությամբ չի զիջում բուսական յուղերին։
Արախիդոնի ճարպաթթուն, լինոլի և լինոլենի թթուների հետ համատեղ, հայտնաբերվել է 20-րդ դարի 30-ական թվերին։ Ճարպերի այս համախումբն անվանվել է F վիտամին` թարգմանաբար «ճարպ (fat) կենսանյութ»։
Համարվում է, որ մարդու սննդակարգում ընդգրկված հագեցած, միա- և բազմաչհագեցած ճարպերի փոխհարաբերակցությունը պետք է լինի` 4։5։1. սալի մեջ այն հավասար է 4։6։1։ Նման լավ բալանսավորված բաղադրություն քիչ թվով բնական յուղեր ունեն։ Օրինակ` կենբսաբանական ակտիվությամբ խոզի ճարպը 5 անգամ գերազանցում է կարագին։
Խորհուրդներ, ժողովրդական դեղատոմսեր
Ի տարբերություն բուսական յուղերի` ճարպի հալման ջերմաստիճանը (130 C) բարձր է։ Ճարպի վրա խորհուրդ է տրվում տապակել սննդամթերքը։ Խորհուրդ չի տրվում հասցնել եռման ջերմաստիճանի, քանի որ ամբողջովին հալած ճարպում կուտակվում են թունավոր նյութեր, իսկ կենսաբանորեն ակտիվ նյութերը տրոհվում են։ Խստորեն հակացուցված է հալեցրած ճարպի կրկնակի օգտագործումը։
Հակացուցումներ. Շաքարային դիաբետ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, շագանակագեղձի ադենոմա, ստամոքսահյութի ցածր թթվայնություն։
Լեղամուղ. Կանոնավոր խոզի սալ ուտելու դեպքում` օրը 15-20 գրամ, կանոնավորվում է լեղապարկի կրճատման ֆունկցիան։
Վարիկոզ. Խոզի ճարպը նվազեցնում է վարիկոզի հետևանքով առաջացող ցավերը։ Անալի սալի կտորը դրեք այտուցված երակի վրա և ոչ ձիգ ամրացրեք` քնելուց առաջ, առավոտյան հանեք։
Հոդացավ. Հալեցրեք սալը, գոլ վիճակում ներմերսեք հոդերին, փաթաթեք լաթով։ Շարունակեք 5-10 օր։
Ոտնաթաթի կոշտուկի ներքին գերաճ. Խառնեք 100 գ տաք հալեցրած ճարպ, 100 մլ քացախաթթու, 1 հում ձու, 1 թ/գ մեղր, 48 ժամ թրմեք։ Ընդունեք տաք լոգանք, կոշտուկի եզրային մաշկը վիրակապեք, հագեք գուլպաներ` կատարեք քնելուց առաջ։ Շարունակեք 5-10 օր։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: