Բաժիններ՝

Ռուսաստանի դատարանի վճիռներով Գյումրիում բնակարաններից արտաքսում են ՀՀ քաղաքացիներին

Գյումրիի զինվորական թաղամասում, որտեղ տեղակայված է ՌԴ 102-րդ ռազմաբազայի սպայական անձնակազմը, ռուսական գերիշխանություն է հաստատվել, իսկ ՀՀ քաղաքացիները, բառի բուն իմաստով, կրակն են ընկել: Փաստաբան Նարեկ Ներսիսյանը մեզ պատմեց, որ ռազմաբազայում ծառայած և արդեն թոշակի անցած սպաների շուրջ 14 ընտանիքներ բաժանման և անօթևանի կարգավիճակում հայտնվելու վտանգի առաջ են: Խնդիրն այն է, որ Գյումրիի զինվորական թաղամասի տարածքը, ՀՀ կառավարության որոշմամբ, անհատույց տրամադրվել է Ռուսաստանի Դաշնությանը:

Թաղամասի շենքերը կառուցված են դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանում և այն ժամանակ գործող կարգով, օրդերային հիմունքներով` տրամադրվում էին խորհրդային սպայակազմին: Այսինքն, սպային` իր ընտանիքի հետ միասին, տալիս էին օրդեր` տվյալ բնակարանը զբաղեցնելու համար: Ռուսական ենթակայության տակ, սովորաբար, բավականին մեծ քանակությամբ հայ ծառայողներ են եղել: ՌԴ «Զինվորական ծառայության մասին և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` եթե զինծառայողը 10 տարուց ավելի ծառայում է ՌԴ-ին, իրավունք է ստանում իր ընտանիքի անդամների հետ միասին սոցիալական բնակարան ստանալ ՌԴ-ում:

Սոցիալական բնակարանը տրամադրվում է անհատույց և հետագայում ենթակա է սեփականաշնորհման: Ընդ որում` այն տարիներին, երբ սպայակազմի ներկայացուցիչներին սոցիալական բնակարանի համար հերթագրում էին, բնակմակերեսը հաշվարկվում էր ամբողջ ընտանիքի համար` անկախ նրանից, թե քանի հոգի են (1 հոգուն` 18 քմ): Սակայն, ինչպես նշեց Ն. Ներսիսյանը, 2008-ից հետո, հանկարծ, առանց որևէ օրենսդրական հիմքի, սկսեցին ընտանիքի ՀՀ քաղաքացի անդամներին բնակմակերես չհատկացնել:

«Աբսուրդն այն է, որ ՌԴ Գերագույն դատարանի պլենումի որոշմամբ` քաղաքացիության սահմանափակում չի դրվում և էական չէ` օտարերկրյա՞ քաղաքացի է, թե՞ ՌԴ հպատակ: Բայց Բնակարանային օրենսգրքում մի հոդված կա, որն ասում է, որ եթե օտարերկրյա քաղաքացի է, ապա բնակմակերես չի տրամադրվում: Ստանում ենք վիճակ, որ եթե որևէ անձ զինծառայող է ու ՌԴ քաղաքացի, իսկ իր ընտանիքում 3 անձ ՀՀ քաղաքացի է, ապա հատկացվում է միայն տվյալ անձի հասանելիքը` 18 քմ տարածք: Օժանդակը` չհաշված: Եվ ահա Գյումրիում, բնակարանային սուղ պայմաններում, այդ պրակտիկայի պատճառով մարդիկ դրսում են հայտնվում»,- ասաց Ն. Ներսիսյանը: Ըստ նրա` 14 ընտանիքների վերաբերյալ արդեն վճիռներ կան:

Կարդացեք նաև

Ընդ որում, փաստաբանի խոսքով, վտարման վեճերը, ըստ ՀՀ և ՌԴ միջպետական պայմանագրի, կարգավորման ենթակա են միայն ՀՀ դատարաններում: Այսինքն` ՀՀ քաղաքացուն վտարելու լիազորություն ունի միայն ՀՀ դատարանը: Մինչդեռ, ինչպես նշեց Ն. Ներսիսյանը, 1 տարի է, ինչ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային դատարանը, որը զուտ զինվորական գործեր քննող դատարան է, սկսել է գործեր ընդունել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. «Կա մի նրբություն` դատարանը ՀՀ քաղաքացիների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ չի կայացնում, բայց նրանց ներգրավում է դատական գործընթացում ու, անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացին ռուսերեն հասկանո՞ւմ է, թե՞ ոչ, դատական ամբողջ պրոցեսը կատարվում է ռուսերեն լեզվով, առանց թարգմանչի:

Դա իրենց համար սովորական պրակտիկա է: Խնդիրն իրավական դաշտում է, որ ՀՀ տարածքում գործող ռուսական դատարանը, թեև իր վճիռներում չի մատնանշում ՀՀ քաղաքացիներին, բայց հիմք է հանդիսանում 102-րդ բազայի ղեկավարության համար, որպեսզի բնակարաններն ազատելու վերաբերյալ ծանուցագրեր ուղարկեն ՀՀ քաղաքացիներին: Ու թեև ռուսական դատարանն անմիջապես ՀՀ քաղաքացուն չի պարտավորեցնում, բայց այնքան երկակի իմաստավորմամբ շրջանցում է, որ զրկում է քաղաքացուն բնակարանից»:

«Մի պայծառ օր գալիս-ասում են` Ձեր բնակարանն ազատելու հանձնարարություն ունենք, որովհետև Ձեր ամուսինը կամ որդին Ռուսաստանում բնակարան է ստացելգ ու այլևս հետաքրրքիր չէ Ձեր կարծիքը: Իսկ այս դեպքում, եթե կան երեխաներ, թոշակառուներ, որոնք, անկախ նրանից, թե իրենց որդիները կարո՞ղ են օգնել վարձով բնակարան գտնելու հարցում, թե՞ ոչ, փաստացի մնում են անօթևան, որոնց հարցը չի կարգավորվում ՀՀ ոչ մի իրավական նորմով: Այս քաղաքացիները երկրաշարժի հետևանքով կարիքավորների ցուցակում չկան և ՌԴ-ում էլ բնակմակերես չունեն:

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացի են, կրակն են ընկել»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիները եղելության վերաբերյալ մեծ աղմուկ չեն բարձրացրել, ոմանք փորձել են դիմել վերաքննիչ դատարան, բայց արդյունքը մեծ չէ, իսկ մեծ մասը չի էլ պայքարում իր իրավունքների համար, պարզապես ազատել են տարածքն ու գնացել վարձով բնակվելու. «Գյումրիում սոցիալական ու հոգեբանական կոտրված վիճակ է, և չեն էլ բողոքում»:

Ն. Ներսիսյանի կարծիքով` ստացվում է, որ ՌԴ ենթակա, օրենքով այդ գործը քննելու լիազորություն չունեցող դատարանն այս կամ այն ձևով ՀՀ քաղաքացու իրավունքների ու պարտականությունների վրա ազդում է, ինչը բավականին լուրջ խնդիր է և վտանգավոր նախադեպ ՀՀ-ի համար: Այս իրավիճակը, նրա գնահատմամբ, ՀՀ Սահմանադրության ընտանիքի պաշտպանության դրույթներին է հակասում: Հարցին` ինչո՞ւ չեն դիմել ՀՀ նախագահին կամ իշխանության այլ մարմիններին, փաստաբանը պատասխանեց, որ գերադասում է մամուլով բոլորին միանգամից իրազեկել կատարվող անօրինականությունների մասին:

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ՌԴ դատական վճիռները (կայացվել են Գյումրիի զինվորական թաղամասի բնակարանների հետ կապված) ի՞նչ իրավական հիմք ունեն ՀՀ-ում, և արդյո՞ք այդ վճիռների հիման վրա միջոցներ կձեռնարկվեն` բնակտարածքն ազատելու համար:

Մեզ պատասխանեցին, որ ՀՀ տարածքում ՌԴ դատարանների կողմից կայացված վճիռների ճանաչումն ու կատարումն իրականացվում է` համաձայն 22 հունվարի 1993 թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայի դրույթների, իսկ համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 247 հոդվածի` ՀՀ միջազգային պայմանագրով քաղաքացիական գործերով դատարաններին առնչվող փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցությունն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության միջոցով, որն օտարերկրյա պետության դատարանից ստացված հարցումն անհապաղ ուղարկում է համապատասխան դատավարական գործողություն իրականացնելու իրավասություն ունեցող ՀՀ դատարան:

«ՀՀ դատական դեպարտամենտ Գյումրու զինվորական թաղամասի բնակարանների հետ կապված ՀՀ արդարադատության նախարարությունից դատական հանձնարարություն չի փոխանցվել»,- նշել են դատական դեպարտամենտից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս