
Ուկրաինան պետք է հնարավորինս արագ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը և դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանում երդում տալուց հետո դիմել է ժողովրդին` հայտարարելով, որ Ուկրաինան պետք է հնարավորինս արագ ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ:
Պորոշենկոն կարևորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի շուտափույթ ստորագրումը. «Գրիչն արդեն իմ ձեռքերում է, ես արդեն իսկ պատրաստ եմ: Հենց որ ԵՄ-ը կընդունի համապատասխան որոշում, Ուկրաինայի նախագահի ստորագրությունն ակնթարթորեն կհայտնվի ճակատագրական այդ փաստաթղթի վրա:
Նույնը վերաբերում է ԵՄ-ի հետ ուկրաինացիների համար ոչ վիզային ռեժիմի շուտափույթ սահմանմանը: Մենք արդեն իսկ վերջացրել ենք ոչ վիզային ռեժիմի առաջին փուլը և շատ շուտով կավարտենք նաև երկրորդը, որպեսզի Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն ունենան 2015 թվականի հունվարի 1-ից առանց վիզայի ճամփորդել Եվրոպայում»:
Պորոշենկոն ընդգծել է, որ իրենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը դիտարկում են միայն որպես ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլ: Ուկրաինան ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են այս տարվա մարտի 21-ին: