Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կփրկե՞ն Հայաստանը թուրք-ադրբեջանական դավադրությունից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկով Փարիզում հանդիպելու հեռանկարը ձգձգելու համար:
Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանն ընդհանրապես դեստրուկտիվ պահվածք է դրսևորում, և համանախագահները պետք է այդ իրավիճակում նոր մոտեցումներ ցուցաբերեն: Շավարշ Քոչարյանը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու հեռանկարներ չի տեսնում: Այսպիսով, մնում է միջնորդների նոր մոտեցումները, որովհետև եթե դրանք էլ չլինեն, ապա ստացվում է, որ կմնա պատերազմը:
Շավարշ Քոչարյանն այդ մասին չի ասում, բայց դա բխում է նրա մյուս ասածներից: Մինչդեռ դատելով վերջին շրջանի զարգացումներից` մենք տեսնում ենք, որ միջնորդներն իրենք խնդիրներ ունեն կապված Մինսկի խումբը պահելու հետ:
Ակնհայտ է, որ Մինսկի խմբի պահպանումը ներկայումս հարցականի տակ է: Հստակ է, որ Թուրքիան ու Ռուսաստանն այս հարցում համակարծիք են, որ Մինսկի խումբը արժե հետ մղել և հանդես գալ միասնական նոր ձևաչափով: Մոսկվայում Դավութօղլուն Լավրովի ներկայությամբ հայտարարեց, որ լավ հարթակ կա հակամարտությունը կարգավորելու համար, և իրենք համատեղ կփորձեն անել դա:
Ադրբեջանը դեմ չէ դրան: Բաքուն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին բաց մեղադրում է հայամետ լինելու մեջ, իսկ Օլանդի հանդիպման առաջարկն էլ մերժվում է: Սա նշանակում է, որ Մինսկի խմբի ֆորմատը իսկապես վտանգի տակ է: Սա վտանգ է նաև Հայաստանի համար:
Եվ ուրեմն` Հայաստանն ակնկալում է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կգան օգնության կամ կփրկեն Մինսկի ֆորմատը, այդպիսով նաև Հայաստանը կփրկեն թուրք-ադրբեջանական դավադրությունից, որի ակտիվ մասնակիցն է նաև Ռուսաստանը:
Եվ այստեղ մենք ականատես ենք լինում Հայաստանի կատարյալ անկենսունակությանը, որովհետև նման դեպքում Երևանը ոչ թե պետք է անուղղակի խնդրի և հույսը դնի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնության վրա, որ նրանք կփրկեն Հայաստանի համար կարևոր ֆորմատը, այլ Հայաստանն ինքը պետք է քայլեր կատարի նոր իրավիճակ ստեղծելու ուղղությամբ, որոնք էլ կարժանանան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օժանդակությանն ու աջակցությանը: Խնդիրն այն է, որ երբ որևէ պետություն մեկ այլ պետության կամ պետությունների կոչ է անում օգնել իրեն, այդ կոչի հետ մեկտեղ պետք է անպայմանորեն ներկայացնի, թե ինչի՞ համար, հանուն ինչի՞:
Մինչդեռ Հայաստանը, դժբախտաբար, հակառակ հարցին է պատասխան տվել, թե ինչի՞ համար չարժե օգնել Հայաստանին: Մնում է հուսալ, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պաշտպանելով իրենց շահերը` գտնեն դրա այնպիսի ձև, որ հընթացս կպաշտպանվեն նաև Հայաստանի շահերը: Գոնե»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։